Քսան գեղեցկուհիներ այսօր՝ Ազգային գեղեցկության մրցույթի ժամանակ, մրցում էին ամենագեղեցիկը ճանաչվելու համար: Ըստ մրցույթի կանոնների՝ կարող էին մասնակցել17-26 տարեկան, 1.68-ից բարձր հասակ ունեցող գեղեցկուհիները: Ժյուրիի կազմում էին` ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, ոճաբան Աննա Սանտոպադրեն, Հայաստանում Լյուքսենբուրգի Մեծ Դքսության Պատվո հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը, Սանտկտ Պետերբուրգի կառավարության խորհրդական Արֆենիա Տեր-Մինասովան, «Հայուհի» ամսագրի հիմնադիր Լադա Գոլովյանը, «Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանը, Taraz.am-ի հիմնադիր-տնօրեն Սվետլանա Հակոբյանը, Հրանտ Թոխատյանը,  կինոպրոդյուսեր Գեորգի Շաբանովը, Ազգային գեղեցկության մրցույթի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը, Atex նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը և հատուկ հյուր երգչուհի Լյուբով Ուսպենսկայան: Երեկոն վարում էին Ավո Խալաթյանը և Լուսինե Թովմասյանը, իսկ BlogNews.am-ը ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Ամիսներ առաջ, երբ ազդարարվեց Ազգային գեղեցկության մրցույթի անցկացման մասին, մասնակցության ավելի քան 400 հայտ ստացան կազմակերպիչները: Քասթինգի փուլը հաղթահարեցին ընդամենը 20-ը: Ամիսների ընթացքում աղջիկները միասին շատ ժամանակ են անցկացրել, այցելել թանգարաններ, մշակութային օջախներ. այսպիսին էին մրցույթի կանոնները: Ի դեպ, աղջիկներն արդեն գաղտնի քվեարկությամբ ընտրել են «Միսս Համերաշխության» տիտղոսակրին:
Աղջիկները ներկայացան ազգային տարազով, լողազգեստներով, ինչպես նաև երեկոյան զգեստներով: Երեկոյի ընթացքում երգեցին Էրիկը, Արփին և Իվետա Մուկուչյանը: Երեկոյի հատուկ հյուրերից էր Ամերիկայից ժամանած դիրիժոր, դաշնակահարուհի Լին Կաոն, ում գեղեցիկ երաժշտության ներքո էլ աղջիկները ներկայացան երեկոյան զգեստներով:
Ըստ մրցույթի կանոնների՝ ժյուրիի անդամները պետք է ընտրեին քսան մասնակիցներից լավագույն տասին, ովքեր էլ կշարունակեին պայքարել տիտղոսի համար: Նարինե Ասլանյան, Կամիլա Մարգարյան, Էլեն Սիմոնյան, Հայկուհի Մաթևոսյան, Մանուելա Գրիգորյան, Լիզա Գազյան, Միլենա Գևորգյան, Եվա Բաղդասարյան, Քրիստինա Շահզադեյան, Մանե Դանիելյան. ահա այն հաջողակները, ովքեր շարունակեցին պայքարը:

Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկն այն էր, երբ ժյուրիի անդամները տասը գեղեցկուհիներից պետք է ընտրեին ընդամենը հինգին: Լարվածությունը ցրելու համար Լուսինեն առաջարկեց լսել Ավո Խալաթյանի գեղեցիկ կատարումներից մեկը: Չչարաշահելով հանդիսատեսի համբերությունը՝ հաղորդավարները հայտարարեցին լավագույն հնգյակի` Կամիլա Մարգարյանի, Հայկուհի Մաթևոսյանի, Մանուելա Գրիգորյանի, Լիզա Գազյանի և Քրիստինա Շահզադեյանի անունները:
Մինչ հաղթող մասնակցի անունը հայտարարելը աղջիկները ստացան հետևյալ տիտղոսները՝ «Հանդիսատեսի համակրանք»` Կամիլա Մարգարյան, «Միսս հմայք»` Լիզա Գազյան, «Միսս Համերաշխություն»` Մանուելա Գրիգորյան, «Միսս Ֆոտոմոդել»՝ Քրիստինա Շահզադեյան:
Ազգային գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց Հայկուհի Մաթևոսյանը, ում թագադրեց Լուսինե Թովմասյանը:
Հայկուհին 19 տարեկան է, քաղաք Երևանից: Տասը տարի զբաղվել է պրոֆեսիոնալ պարով և հաճախել է երաժշտական դպրոց։ Իր տաղանդներից մեկը համարում է դերասանական արվեստը: Կարծում է, որ ունի տարբերվող արտաքին։
Նշենք, որ մրցույթի գլխավոր հովանավոր All.me ընկերությունը հաղթողին հանձնեց 1000 ԱՄՆ դոլար: Կազմակերպիչները նաև հայտարարեցին, որ հաղթող մասնակիցը հնարավորություն կստանա կրթություն ստանալու Հայաստանի ցանկացած ուսումնական հաստատությունում, ինչպես նաև հնարավորություն կունենա մասնակցելու միջազգային հեղինակավոր գեղեցկության մրցույթների: 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել