Բարի քաղաքի պատմության մեջ հայազգի Հրանտ Նազարյանցի դերը շատ մեծ է. այս մասին գրում է իտալական Il Mesaggero Italiano պարբերականը։ Ցավոք, նրա մասին այսօր հիշում են քչերը, սակայն նրամասին հուշերը չպիտի մոռացվեն. գրում է պարբերականը։

Հրանտ Նազարյանցը ծնվել է 1886 թ. հունվարի 8-ին Կոստանդնուպոլսից ոչ հեռու՝ հայտնի ընտանիքում։ Մի քանի տարի սովորել է Լոնդոնում և Փարիզում։ Այնուհետև նա որոշել է վերադառնալ հայրենիք և նվիրել իրեն լրագրությանը, ինչպես նաև արտասահմանյան գրականության հրապարակմանը։

Սակայն պատերազմի քամիները բարձրանում էին. 1913 թ. Նազարյանցին երկու մեղադրանք առաջադրեցին, որոնց համար մահապատիժ էր սպասվում։ Հնարավոր է, օսմանյան իշխանություններին դուր չէր եկել նրա քաղաքական ակտիվությունը։ Նա ապաստան գտավ Իտալիայում՝ Բարի քաղաքում, մինչև 1915 թվականը։ Այլևս հայրենիք նա չվերադարձավ։

Իտալիայում նա չդադարեցրեց աշխատանքը և ինքն իր առջև խնդիր դրեց իտալական հասարակությանը ներկայացնել ճշմարտությունը հայկական հարցի մասին։ Բարի քաղաքում նա հիմնեց Նոր Արաքս փոքրիկ բնակավայրը, որտեղ ապաստան էին գտնում այն փախստականները, որոնք այստեղ Նազարյանցի նման իրենց գործն էին շարունակում։

Նազարյանցը կապ էր հաստատում հայերի հետ, որոնք ապրում էին Իտալիայի այլ շրջաններում, ինչպես նաև իտալական մտավորականության հետ։

Ահա թե ինչ է 1939 թ.  նրա մասին գրել բանաստեղծ Էնրիկո Կարդիլեն. «Իտալիայում վերածնվում էր հայ ազգի ազատությունը, որոնք տառապել էին դաժան թուրքերի ու քրդերի պատճառով։ Սակայն Հայաստանի համար շարժումը շարունակում է ապրել այստեղ, հատկապես՝ ազատության համար պայքարող Հրանտ Նազարյանցի շնորհիվ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել