Հերթական անգամ փորձ արվեց նսեմացնելու և արժեզրկելու Արցախյան հերոսամարտը` փառապանծ զինվորականներին անթույլատրելի ձևով կպցնելով «կոռուպցիոների, պագոնի տակ հաստավիզ գեներալների, սերմացու գողացող մկների» վիրավորական և իրավաբանորեն ոչ մի կերպ չհիմնավորված որակումը:

Իշխանության կողմից տարվող քաղաքականության մեջ արդեն կարելի է նշմարել Արցախյան հերոսամարտի նկատմամբ քամահրական վերաբերմունքի կոնկրետ դրսևորումներ, որոնք սկսվեցին հայտնի «Հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան հաղթանակը» արտահայտությամբ, որին հաջորդեցին Արցախի պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի պարտադրված հրաժարականները, Արցախ-Հայաստան արհեստական բաժանումները և, վերջապես, «Արցախում հեղափոխություն սկսելու» երեկվա սպառնալիքը:

Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ պարոն Փաշինյանը գիտակցի, որ իր կողմից թիրախավորված զինվորականներն Արցախի հարցն ԱՐԴԵՆ ԼՈՒԾԵԼ են իրենց կյանքի և առողջության գնով:

Ուզում եմ որ բոլորի, այդ թվում՝ նաև նախկին, ներկա և ապագա բոլոր իշխանությունների համար հստակ ու հաստատված լինի երկու կարևորագույն հանգամանք.

1. Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ձևավորվել և կայացել է Արցախյան հիմնահարցի և հերոսամարտի արդյունքում, և որ Արցախի հիմնախնդիրն ունի գոյաբանական նշանակություն Հայաստանի Հանրապետության համար,

2. Ոչ ոք իրավունք չունի նսեմացնելու ազատագրական պայքարի մասնակից ցանկացած զինվորի, էլ չեմ ասում փառապանծ և հերոս հրամանատարների Արցախին և Հայաստանին մատուցած ծառայությունների գինն ու նշանակությունը:

Ենթադրյալ իրավախախտումների և յուրացումների մասին խոսելիս անհրաժեշտ է հարգել անմեղության կանխավարկածը և մարդու արժանապատվության սահմանադրական իրավունքը:

Հ.Գ. «Սերմացու գողացող մկներից» մի քանի ֆիգուրանտներ նախորդ իշխանության կողմից ազատվեցին զբաղեցրած պաշտոններից, սակայն ներկայումս զբաղեցնում են բարձր պաշտոններ այսօրվա իշխանության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել