Մենք առաջին օրվանից սկսած ծրագիր ենք գրում, որ վերելակներն ամբողջությամբ փոխարինվեն, բայց այս հարցում նաև մեզ հետ պետք է լինեն բնակիչները: Այս մասին այսօր Երևանի 2800 ամյակին նվիրված այգու բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ծրագիրը երբ պատրաստ կլինի, մենք այն կներկայացնենք կառավարությանը, որովհետև քաղաքային իշխանությունները միայնակ ի զորու չեն այս հարցը լուծել, սա տասնյակ միլիոնավոր դոլարներին համարժեք ներդրում է պահանջում: Քանի որ վերելակները պատկանում են բնակիչներին՝ մեր հարցն է, մենք փոխարինենք վերելակը և բնակիչները տարիների ընթացքում այդ տարիների գումարը վճարեն, քանի որ այդ վերելակն իրենց է լինելու»,- հայտնեց քաղաքապետը:

Նրա տեղեկացմամբ՝ այս պահին գույքագրում է իրականացվում և միաժամանակ բանակցություններ են տարվում վերելակ արտադրողների հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկը պոկվել է վերելակը սովորականից ավելի արագ իջել է առաջին հարկ: Վերելակում այդ պահին գտնվել է չորս անձ, որոնք վնասվածքներ չէին ստացել:

Երևանի 2800 ամյակին նվիրված այգու բացմանը Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց Վարդանյան ընտանիքին Երևանին այսպիսի նվեր անելու համար:

«Վարդանյանների ընտանիքը նվերի փայլուն օրինակ ցույց տվեց, 99 տարով իրենց վրա են վերցրել այգու պահպանումը: Սա իսկական նվեր է, որովհետև շատ-շատերն ասում են՝ մենք Երևանի համար ուզում ենք մի բան անել, տվեք այս մասը կանաչապատենք, այստեղ էլ մեծ ռեստորան կառուցենք»,- նշեց քաղաքապետը:

Նրա խոսքով՝ ի սկզբանե այգու բարեկարգման համար նախատեսված է եղել մոտ 1 մլն դոլարի ներդրում կատարել, բայց ընդհանուր առմամբ 5.2 մլն դոլարի գումար է ծախսվել:

Ինչ վերաբերում է այգու ծառերը կտրելուն, Հայկ Մարությանը նշեց. «Ես այս այգին գնահատում եմ շատ հրաշալի, լավ, որակով այգի: Կապված ծառերի հետ՝ երաշխավորում եմ, որ քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի ծառ հենց այնպես չի կտրվելու: Ոչ մի առողջ ծառ չի կտրվելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել