Ցանցահենները «կոտրանքի» են ենթարկել սակարկությունների ծավալով աշխարհի խոշորագույն կրիպտոբորսաներից մեկը՝ Binance-ը, եւ հափշտակել գրեթե 41 միլիոն դոլարի բիթքոիններ: Այդ մասին ասված է Binance ընկերության հաղորդագրության մեջ:

«Մենք անվտանգության խոշոր խախտում հայտնաբերեցինք… 2019 թվականի մայիսի 7-ին՝ ըստ UTC-ի՝ 17:15-ին (Երեւանի ժամանակով՝ 21:15-ին): Հաքերներին հաջողվել է ստանալ օգտատերերի՝ մեծ քանակությամբ API-բանալիներ, երկֆակտոր աուտենֆիկացիայի կոդեր եւ, հնարավոր է, այլ տեղեկատվություն: Հաքերներն օգտագործել են տարբեր մեթոդներ՝ ներառյալ ֆիշինգը, վիրուսները եւ այլ գրոհներ»,- նշվում է տեղեկագրում: Դրա հետեւանքով չարագործներին հաջողվել է մեկ գործողության միջոցով հանել 7 հազար բիթքոին (շուրջ 40,8 միլիոն դոլար ընթացիկ փոխարժեքով):

Ճշտվում է, որ միջոցները դուրս են բերվել բիթքոինների «թեժ» (ակտիվ) հաշվի միջոցով, (որտեղ եղել է կրիպտոսակարանի բիթքոինների ընդհանուր քանակության շուրջ 2 տոկոսը): Ընկերության մյուս բոլոր դրամապանակները մնացել են անվնաս: Կրիպտոսակարանը մտադիր է վնասը հատուցել իր SAFU հիմնադրամի հաշվին, ըստ որում՝ օգտատերերի միջոցները չեն օգտագործվի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել