Վաշինգտոնյան համալսարանի գիտնականների խումբը Սիեթլում հայտնաբերել է ծովային միկրոօրգանիզմներ, որոնք իրենց կենսագործունեության համար էներգիա են ստանում մկնդեղից։

Հետազոտողները ուսումնասիրել են 200-ից 1000 մետր խորության վրա ապրող միաբջիջների ԴՆԹ-ն։ Թթվածնի բացակայության պայմաններում օրգանիզմները շնչելու համար սովորաբար օգտագործում են ծծումբի և ազոտի թթվային միացությունները։ Սակայն մասնագետները հայտնաբերել են գեներ, որոնք մասնակցում են թթվեցմանը և մկնդեղի վերականգնմանը, որը թունավոր է համարվում ինչպես մարդկանց, այնպես էլ այլ կենդանիների համար։

Նմանատիպ օրգանիզմների գոյության մասին իմացել են նաև նախկինում, սակայն օվկիանոսում երբեք չեն հայտնաբերել։ Համարվում է, որ մկնդեղը շնչելու համար օգտագործվել է այն ժամանակ, երբ Երկրի վրա թթվածին շատ քիչ է եղել։ Որոշ հաշվարկներով մկնդեղով շնչող միաբջիջները ծովային միկրոբային հանրույթի 1 %-ն են կազմում և մեծ դերակատարում ունեն անթթվածին օվկիանոսային հատվածների կենսաքիմիական ցիկլում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել