Լոնդոնում գտնվող թաունհաուսը, որտեղ ժամանակին բնակվել է դրամատուրգ և Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարոլդ Պինտերը, վաճառվում է 16.95 միլիոն ֆունտով (22.1 միլիոն դոլար)։

Տունը համարվում է Հաննովեր-Տերրասի պատմական շինությունը, որը կառուցվել է 19-րդ դարում ուղղափառ ճարտարապետ Ջոն Նեշի նախագծով։ Վերջինս եղել է այնպիսի նախագծերի հեղինակ, ինչպիսիք են Սենտ-Ջեյմս-Պարկը, Հեյմարկետ թատրոնը, Մարմարե կամարը՝ Հայդ պարկում։ Նեշը գլխավորել է նաև Բուքինհեմյան պալատի վերանորոգման աշխատանքները, որից հետո այն դարձել է միապետի նստավայրը։

Պինտերը Հաննովեր-Տերրասում բնակվել է 1960-70-ական թվականներին։ Նա այդ բնակարանում հյուրընկալել է The Beatles-ի անդամներին, բրիտանացի դերասան Մայքլ Քեյնին և մի շարք այլ հայտնի մարդկանց։

Թաունհաուսը բաղկացած է 6 ննջասենյակից, հյուրասենյակից, ճաշասենյակից, ընդարձակ միջանցքից, մարզասրահից և սպասավորների համար նախատեսված սենյակից։ Տունը վերանորոգվել է վերջերս։ Կից տարածքում կառուցվել է լրացուցիչ քոթեջ՝ աշխատասենյակով, խոհանոցով, ճաշասենյակով և պատշգամբով։

Տան ներկայիս սեփականատիրոջ անունը գաղտնի է պահվում։

Հարոլդ Պինտերը համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ բրիտանական դրամատուրգներից մեկը։ Նրա առաջին պիեսը՝ «Սենյակը», բեմադրվել է 1957 թվականին Բրիստոլի համալսարանում։ Վերջին 50 տարվա ընթացքում նա գրել է ավելի քան 30 պիես, տասնյակ սցենարներ, բանաստեղծություններ և մեկ վեպ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել