Pastinfo.am-ը գրում է.

Օտարերկրյա քաղաքացին Հայաստանում դատապարտվել է պայթուցիկ նյութ մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձ կատարելու համար։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ քաղաքացին, ազգությամբ պարսիկ, բարձրագույն կրթությամբ Երեւանի «Ջին» որսորդական խանութից գնել է նետողական պայթուցիկ նյութ հանդիսացող, որսորդական փամփուշտների համար նախատեսված, գործարանային արտադրության վառոդ եւ փորձել այն տեղափոխել ԻԻՀ:

Նշված պայթուցիկ նյութը նա թաքցրել է իր ուղեբեռում և ավտոբուսով ուղևորվել ԻԻՀ, որտեղ սահմանային անցակետը չհատած` ՀՀ ՊԵԿ Մեղրիի մաքսակետում, մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացված մաքսային հսկողության արդյունքում վառոդը հայտնաբերվել է:

Օտարերկրացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-235.1-րդ հոդվածի 1-ին մասով, ինչը Սյունիքի դատարանը հիմնավորված է համարել եւ օրեր առաջ նրան դատապարտել ազատազրկման՝ երկու տարի ժամկետով` մաքսանենգության առարկայի` 100.5 գրամ վառոդի բռնագրավմամբ:

Միաժամանակ դատարանը նրա նկատմամբ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել