Pastinfo.am-ը գրում է.

Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպին, սակայն պնդում է, որ դրա հետեւանքով ոչ ոք չի կուրացել։

Ավելի վաղ նշել ենք, որ «Հրապարակ»-ի տեղեկություններով երկու օր առաջ ակնաբուժական կենտրոնում «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց է ներարկվել 6 հիվանդի, որոնք հաջորդ օրը կորցրել են տեսողությունը։ Կլինիկան անմիջապես աչքի վիրահատություն է իրականացրել։

Մամուլի հրապարակմանն արձագանքել է Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ պարզվում են դեղորայքային միջամտությունից հետո հիվանդների մոտ առաջացած գանգատների պատճառահետևանքային կապերը։

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում։

Վերջիններս վիրահատվել են։

Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։

Պարզվում է դրա պատճառահետևանքային կապերը։
Հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը

Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։
Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին։ Վերջինս հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի հետ՝ նրանք հերքել են կուրության փաստը։
Պետք է նշել, որ հիվանդների թիվը ոչ թե ութ, այլ վեց է։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն և վերջիններիս առողջությանը վտանգ չի սպառնում։

Կենտրոն են այցելել նաև դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետները՝ պարզելու մանրմասները։

Հանձնարվել է օպերատիվ կերպով ներկայացնել արդյունքները, միաժամանակ կենտրոնից պահանջվել է զեկուցագիր՝ տեղի ունեցածի վերաբերյալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել