Պատկերացրեք հետևյալ տեսարանը. դուք նստած եք ձեր ընկերոջ կամ ամուսնու հետ սիրելի ռեստորանում, վայելում եք ընթրիքը, և ձեր սեղանի կողքով մի գեղեցկուհի է անցնում, ու դուք սարսափահար նկատում եք, որ ձեր սիրելին շրջում է գլուխը նրա ուղղությամբ, աչքերով ոտքից գլուխ չափում է նրան։ Ի՞նչ եք դուք զգում՝ խա՞նդ, կատաղությո՞ւն, ցա՞վ, վա՞խ, անվստահությո՞ւն։ Ինչ մտքեր ասես, որ չեն անցնում ձեր գլխով։
Ծանո՞թ իրավիճակ է։
Եկեք չխաբենք մեզ և նայենք ճշմարտության աչքերին։ Այո՛, իրոք, տղամարդիկ նայում են այլ կանանց, և եթե անկեղծ լինենք, այդպիսին են բոլոր տղամարդիկ։
Եվ բնական է, որ օրինաչափ հարց է ծագում. «Ինչո՞ւ են տղամարդիկ նայում այլ կանանց։ Ի՞նչ է դա նշանակում, եթե ձեր ընկերը կամ ամուսինը մշտապես նման վարք է ցուցաբերում»։
Թույլ տվեք բացատրել։
1. Նա գտնում է, որ այդ կինը ֆիզիկապես գրավիչ է։
2. Երբ նա տեսնում է նրան, իր ուղեղում ակնթարթային քիմիական պրոցեսներ են ընթանում. դոպամին և սերոտոնին է արտադրվում, որոնք ուրախության և հաճույքի զգացողություն են առաջացնում։
3. Նրա ինչ-որ մի մասն ուզում է տիրանալ այդ կնոջը։ Դա նույնն է, երբ կանանց գրավում են Դենզել Վաշինգտոնը կամ Ռիչարդ Գիրը, բայց դա չի նշանակում, որ նրանք այդ դերասանների հետ սեռական կապի մեջ են մտնելու։
4. Եթե նա մի այլ մոլորակում հայտնվեր, որտեղ միայնակ կլիներ, նա այդ կնոջը կընտրեր որպես սեքսուալ զուգընկեր։
Իսկ ինչ ՉԻ նշանակում, երբ նա այլ կանանց է նայում
1. Դա չի նշանակում, որ նա ձեզ պակաս գրավիչ է համարում։
2. Չի նշանակում, որ նա ձեզ հետ իրեն երջանիկ չի զգում։
3. Որ դուք չեք բավարարում նրան։
4. Որ դուք պետք է բարկանաք նրա վրա կամ մեղադրեք այդ կնոջը կամ կասկածեք ինքներդ ձեզ, որ բավականաչափ լավը չեք։
5. Որ ձեր հարաբերությունների վերջը եկել է։
Նրա հայացքն իրականում միայն նշանակում է, որ նա գնահատում է գեղեցկությունն իր բոլոր դրսևորումներով։
Երբ է տղամարդու՝ այլ կանանց վրա աչք գցելու փաստը խնդիր դառնում
Որքան էլ որ տղամարդու համար նորմալ է այլ կանանց նայելը, նրանցով հիանալը կամ ինչ-որ բաներ մտքում պատկերացնելը, գոյություն ունի մի սահման, որը հասուն և նպատակասլաց տղամարդը երբեք չի անցնի։ Մի բան է պարզապես նայելը, մի այլ բան է այլ կնոջից աչքը չկտրելը։ Այ դա արդեն իրոք վիրավորական է և տհաճ կնոջ համար։
Երբ տղամարդը բացեիբաց ուշադրության նշաններ է ցուցաբերում այլ կնոջ նկատմամբ, անտեղի մեկնաբանություններ է անում, փորձում է հպվել նրան, դա արդեն ահազանգ է։ Այն, որ այդ պահին նրան միևնույն է, թե ինչ եք դուք զգում, հետագայում ոչ մի լավ բանի չի հանգեցնի։