Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եռատոնի առթիվ Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հնարապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Արցախի խորհրդարանի ղեկավարը տոնի կապակցությամբ շնորհավորել է Արարատ Միրզոյանին և նրա գլխավորությամբ՝ ՀՀ ԱԺ գործընկերներին և ընգծել այս օրերին ՀՀ խորհրդարանական պատվիրակության այցի կարևորությունը: Խոսելով օրվա խորհրդի մասին՝ Արցախի խորհրդարանի նախագահը նշել է, որ Շուշիի հաղթանակը նոր արժեք է տվել Հայրենական պատերազմում տարած հաղթանակին: Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանը շեշտել է արժեքները սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է համայն հայությանը եռատոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայրենական պատերազմում հաղթանակ տարած հայրենակիցների ավանդը և Շուշիի ազատագրման ու Արցախի բանակի կազմավորման նշանակությունը հայկական նորագույն պատմության մեջ:

Հանդիպմանը երկու խորհրդարանների ղեկավարները քննարկել են Երևանում առաջիկայում կայանալիք ՀՀ ԱԺ–ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի օրակարգային և ընթացակարգային հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել