Ամերիկյան հայտնի Matador Network Travel-ը, որն ունի ավելի քան 2 միլիոն հետևորդ, այս ամառ զբոսաշրջիկներին առաջարկում է Հայաստան այցելել։ Ահա հրապարակված հոդվածը

«Ասիայում ամառային զբոսաշրջությունն այսօր մեծ տարածում ունի, քանի որ մեկ հարյուրամյակ անփոխարինելի համարվելուց հետո Եվրոպան սկսում է կորցնել իր հետաքրքրությունը ճամփորդների համար։ Ունենալով մշակույթ, որն ամբողջապես բնորոշ չէ ո՛չ Եվրոպային, ո՛չ Ասիային, Հյուսիսային Կովկասի երկրները գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների, մասնավորապես՝ Հայաստանը, որն աշխարհում ամենագեղատեսիլ վայրերից մեկն է։ Եթե ցանկանում եք, որ Ձեր հաջորդ ճամփորդությունն իսկապես յուրօրինակ լինի, ապա պետք է այցելեք այս երկիր, որը գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի մեջտեղում։

Բացի այն փաստից, որ Քարդաշյանները հայեր են, չնայած որ դա իրականում երկրի «մեղքով» չէ, այս վայրն այնքան էլ հայտնի չէ աշխարհում։ Եթե այցելեք գեղեցիկ լեռների կամ բնապատկերների, հին ու համեղ խոհանոցի, թե հարուստ պատմության համար, միևնույն է, հաստատապես չեք փոշմանի, թե Հայաստանը լինի Հյուսիսային Կովկասում Ձեր առաջին կանգառը։ Ահա թե ինչու Հայաստանը պետք է լինի ամառային այցելությունների Ձեր ցանկում։

Հնագույն պատմություն և գեղեցիկ ավանդույթներ

Հայկական պատմությունն իսկապես խորհրդավոր է։ Լինելով առաջին պետությունն աշխարհում, որն ընդունել է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն 301 թ., Հայաստանը աշխարհում առաջին քրիստոնեական տաճարի տունն է։ Էջմիածնի տաճարը, որը կառուցվել է 303 թ., վեհորեն կանգնած է Էջմիածին քաղաքում և մինչ օրս համարվում է բոլոր հայերի կրոնական կենտրոնը։

Հայաստանի ողջ տարածքում կարող եք գտնել քրիստոնեական բազմաթիվ կառույցներ, որոնք հարյուրամյակների պատմություն ունեն և առանձնանում են իրենց միջնադարյան ճարտարապետությամբ։ Անպայման այցելեք Կոտայքի մարզում գտնվող Գեղարդի վանք։ Այս վանքն ավելի քան 800 տարեկան է, կազմված է մի քանի եկեղեցիներից և գերեզմանաքարերից։ 9-րդ դարի Տաթևի վանքը ևս արժանի է այցելության։ Հայկական առաքելական վանքը գտնվում է Սյունիքի մարզում և ծառայում է որպես լուսավորության և հոգևորականության ուսումնական կենտրոն։ Այս վանք հասնելու համար հարկավոր է 3-5 րոպե տրամադրել և նստել աշխարհում ամենաերկարը և ամենաբարձրը համարվող ճոպանուղի կամ 40 րոպեում մեքենայով գնալ։

Եթե Դուք սիրում եք ճանապարհորդության ընթացքում հուշանվերներ ձեռք բերել, սակայն չեք ցանկանում կլիշե դարձած մագնիսներ, ապա Հայաստանը կատարյալ վայր է Ձեզ համար։ Հայկական լեռնաշխարհը շատ պատմաբաններ համարում են արևելյան գորգի ծննդավայր, և գորգագործության արվեստն իր ուրույն դերն ունի հայկական մշակույթում։ Երկրի մայրաքաղաքում գտնվող «Մեգերյան կարպետ» գործարան-ցուցասրահում ցուցադրվում են 16-19-դարերի գորգեր և դրանցից մի քանիսն անգամ վաճառվում են։ Եթե հուշանվեր եք ուզում, որը կպատմի երկրի մշակույթի և ավանդույթների մասին, ապա չմոռանաք հայկական գորգ ձեռք բերել։

 

Շշմեցուցիչ լեռներ և լիճ, որն արտացոլում է երկինքը

Հայաստանի ամենագեղեցիկ առանձնահատկությունն Արարատ լեռն է, որն ունի ծովի մակարդակից 5165  մ բարձրություն։ Չնայած որ տեխնիկապես այն գտնվում է Թուրքիայի սահմանին, Արարատը հայերի համար հսկայական նշանակություն ունի և համարվում է նրանց հայրենիքի խորհրդանիշը։ Աստվածաշնչում նշվում էր, որ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին։ Արարատը լավագույնս երևում է Հաղթանակի զբոսայգուց կամ Խոր Վիրապի վանքից։

Եթե ցանկանում եք ճամփորդել լեռներով, այլ ոչ միայն հիանալ դրանցով, դեպի Սևանա լիճ ճամփորդությունը՝ լեռների միջով, պարտադիր պայման է։ Լինելով ամենամեծ լիճը Հայաստանում՝ Սևանա լիճը հայերի կողմից հաճախ անվանվում է «Հայկական ծով», և բոլորն ամառն անցկացնում են հենց այստեղ։ Այստեղ է գտնվում 9-րդ դարին թվագրվող վանական համալիրը, որը կոչվում է Սևանավանք։

Լեռները մագլցելու համար այցելեք Տավուշի մարզ։ Դիլիջանի ազգային պարկը ոչ միայն հարուստ է կաղնու անտառներով, խորը կիրճերով, այլև այստեղ է գտնվում Տրանսկովկասյան արահետը։ Ձմռանը Ծաղկաձորը կատարյալ վայր է ձմեռային տարատեսակ սպորտաձևերով զբաղվելու համար։

Լավագույն խոհանոցներից մեկն աշխարհում

Հայաստանն ունի աշխարհում ամենահին և ամենահամեղ խոհանոցային ավանդույթները։ Սպասը կրեմային ապուր է, որը պատրաստված է հայկական մածունից և որը մատուցվում է ողջ երկրի ավանդական ռեստորաններում։

Հայկական քյուֆթան կամ տոլման ևս բնակիչների սիրելի ուտեստներն են, ինչպես նաև խորովածը։ Լավաշը՝ հայկական հացը, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում, և հայերը դրա մեջ փաթաթում են բաստուրմա՝ համեմունքներով չորացված միս։ Քաղցրի պահանջը հագեցնելու համար փորձեք գաթա, որը տարբեր ձևերով և չափսերով են թխում, և երկրի տարբեր շրջաններում դրա տարբեր բաղադրատոմսերը կան։

Քանի որ Հայաստանի կլիման բարենպաստ է մեծ քանակությամբ առողջարար մրգեր ու բանջարեղեն աճեցնելու համար, շուկաներն ու խանութները մշտապես լի են թարմ բանջարեղենով, մրգերով ու հատապտուղներով։ Հայկական ոսկե ծիրանը երկրի ամենահայտնի միրգն է, որին արևի ճառագայթները ոսկի գույն ու քաղցր համ են տալիս։ Հայկական խնձորը, դեղձը, սալորը, խաղողը, թուզն ու նուռը բնորոշ են միայն Հայաստանին և ունեն հյութեղ համ։

Հայաստանի ջուրը ոչ միայն օգտակար է, այլև ամենամաքուրներից մեկն է աշխարհում։ Հայկական ջուրը բնական հանքային աղբյուրներից է հոսում։ Մայրաքաղաք Երևանում կան ավելի քան 2750 ցայտաղբյուրներ, որոնք քաղաքացիներին ապահովում են մաքուր ու համեղ ջրով։ Ջերմուկի հանքային ջրերն ունեն բուժիչ հատկություններ»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել