Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել եռատոնի առիթով: Այս մասին ասվում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ: 

Շնորհավորում եմ Հայրենական և Արցախյան պատերազմների բոլոր վետերաններին, երկրապահին ու ազատամարտիկին, զինվորին ու սպային, մեր ողջ ժողովրդին, Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտ պահի միասին դառնում են հայրենիքի պաշտպան: 

Շնորհավորում եմ Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, նրանց, ովքեր ակտիվորեն մասնակցեցին ֆաշիզմի դեմ պայքարին, այնուհետև՝ Արցախի պաշտպանությանը: 

Խաղաղությունն ու հաղթանակը՝ որպես արժեքներ, ապրելու և զարգանալու կարևոր երաշխիք են ժողովուրդների ու պետությունների համար: Շուրջ 75 տարի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմում նաև մեր 600 հազար հայրենակիցների ջանքերով ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը խաղաղություն բերեց աշխարհին: Իսկ 27 տարի առաջ պատմական Շուշիի ազատագրումով մենք կարողացանք հաղթականորեն բեկել Արցախյան պատերազմի ընթացքը:

Մեր հազարավոր հայրենակիցներ են զոհվել հաղթանակներ կերտելու և խաղաղություն հաստատելու ճանապարհին:

Խոնարհվում ենք նրանց անմար հիշատակի առաջ:

Հարգելի հայրենակիցներ,

Մենք չպետք է գոհանանք միայն անցյալի ձեռքբերումներն արձանագրելով: Պետք է հաղթանակենք նաև ներկայում և բոլոր ոլորտներում, այսօր ստեղծենք վաղվա նվաճումների ամուր հիմքերը: Այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար պետք է ունենանք մտքի հաղթանակներ, գաղափարներ առաջարկենք և դրանք կյանքի կոչենք բանակում ու քաղաքացիական կյանքում, սահմանին և թիկունքում, աշխատանքում ու տնտեսության մեջ, մշակույթում և գիտության մեջ: 

Արցախյան պատերազմում և նրա փառապսակ հանդիսացող Շուշիի ազատագրման ժամանակ հաղթեց Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր միասնական ուժը, հայի ուժը: Պետք է ամեն ջանք գործադրենք, որ մեր միասնականությունը միշտ անխախտ լինի, որպեսզի մեր հաղթանակները շարունակական լինեն, որպեսզի անխախտ լինի խաղաղությունը Հայաստանում ու Արցախում:

Կրկին շնորհավորում եմ մայիսյան տոների առթիվ, մաղթում եմ բոլորիս նոր հաղթանակներ, իսկ մեր երկրին ու ժողովրդին՝ խաղաղություն և զարգացում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել