2020 թվականի Pirelli օրացույցի հեղինակը կդառնա իտալացի լուսանկարիչ Պաոլո Ռովերսին: Այդ մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է նկարահանման գործընթացի մասնակիցներից մեկը:

Նրա խոսքով՝ Ռովերսին կդառնա առաջին իտալացին, որին հրավիրել են այդ պաշտոնին: Նկարահանումներն անցկացվելու են Վերոնա քաղաքում, ուստի ենթադրվում է, որ օրացույցի հավանական թեման կդառնա Ռոմեոյի եւ Ջուլիետի պատմությունը:

Պաոլո Ռովերսին ֆեշն լուսանկարիչ է, որը ճանաչում է ստացել Polaroid-ի համար արված խոշոր ձեւաչափի լուսանկարների շնորհիվ: Նրա աշխատանքները հրապարակել են Marie Claire, Elle, Depeche Mode, Vogue, Vanity Fair, W Magazine, Interview հրատարակությունները եւ այլ փայլերես հանդեսներ: Ռովերսին համագործակցել է Dior, Chanel, Comme des Garcons, Lancome, Yves Saint Laurent եւ Valentino խոշորագույն համաշխարհային բրենդների հետ:

Pirelli կամ The Cal օրացույցը հայտնվել է 1964 թվականին: Դրա ստեղծողները Pirelli անվադողերի իտալական արտադրողի մարքեթինգային դեպարտամենտի աշխատակիցներն են: Յուրաքանչյուր օրացույց նվիրված է կանանց գեղեցկությանը, արտացոլում է արդի հասարակության թրենդները եւ ունի ինչպես գեղարվեստական, այնպես էլ սոցիալական նշանակություն:

Pirelli նախորդ օրացույցը, որի հեղինակը լուսանկարիչ Ալբերտ Ուոթսոնն էր, 2018 թվականի դեկտեմբերին ներկայացրել են Միլանի Անգար Բիկոկի ցուցահանդեսային կենտրոնում: The Cal 2019-ը նվիրված է երազանքի հուզական ուժին եւ դրան հասնելու ուղուն: Նկարահանումներին մասնակցել են Ջիջի Հադիդը, Ալեքսանդր Վենգը, Ջուլյա Հառները, Միստի Քոուփլենդը, Քելվին Ռոյալ Երրորդը, Լետիցիա Կաստան եւ Սերգեյ Պոլունինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել