Tert.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսին ներկայացրեց 100 փաստ Նոր Հայաստանի մասին՝ ամփոփելով պաշտոնավարման 1 տարին։ Tert.am- արդեն իսկ ներկայացրել էր դրանցից 30-ը նախորդ հրապարակման մեջ։

31․ Փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50%-ի չափով հետվերադարձ կտրամադրվի։ Սահմանամերձ գյուղերի դեպքում հետվերադարձը կկազմի 70%: 

32․ Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու նպատակով տրվում են վարկեր՝ 2 տոկոս, գյուղատնտեսական կոոպերատիվներին և սահմանամերձ գյուղերին՝ 0 տոկոս տոկոսադրույքով։

33․ Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկերը տրամադրվում են 0-2% տոկոսադրույքով։ Ցածր տոկոսով վարկերի փոխարեն կարելի է օգտվել նաև արված ծախսերի 40-50%-ի հետվերադարձի տարբերակից։ Այսինքն՝ մարդն ընտրում է՝ էժան վա՞րկ է ուզում, թե՞ դա ներդրում է, և  կառավարությունը գումարի 40-50%-ը հետ է վերադարձնում։

34․ 2018 թվականին մթերված պտուղ-բանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին տարեվերջին չվճարված գումարը կազմել է մթերման ընդհանուր արժեքի ընդամենը 0․7 տոկոսը՝ ի համեմատություն 2017 թվականի, երբ դա եղել է 5․9 տոկոսը։

35․ Մարզերում շուրջ 290 սկսնակ ձեռնարկատերերի համար կազմակերպվել են դասընթացներ, ինչի արդյունքում պետական գրանցում են ստացել և բիզնես հիմնել 120 սուբյեկտներ, որոնցից 56-ը պետական միջոցներից ստացել է ֆինանսական աջակցություն։ Ֆինանսական կրթության ծրագիրը ներդրվել է հանրապետության 360 դպրոցների 3100 ուսուցիչների ներառմամբ։ Եվ միաժամանակ հանրապետության բոլոր դպրոցներում ներդրվել է «տեխնոլոգիա» առարկայի փորձնական ծրագիրը՝ ձեռնարկատիրական կրթության տարրերի ներառմամբ։

36․ Տարածքային համաչափ զարգացման եւ սոցվիճակի բարելավման նպատակով կառավարությունը 2018-ին համայնքներում իրականացրել է 152 ծրագիր՝ 3․8 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ 2017 թվականին նման ծրագրեր չեն իրականացվել։ Կառավարությունը 2019-ին մտադիր է այս նպատակի համար հատկացնել 10 մլրդ դրամ։

37․ 2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի համայնքների սեփական եկամուտներն աճել են 2 մլրդ դրամով։ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի շահույթը 2017 թվականին եղել է 1․3 մլրդ դրամ, իսկ 2018 թվականին` 3․3 մլրդ դրամ։

38․ Հայաստանի ծրագրավորողներն այսուհետ կարող են իրենց ստեղծած հավելվածները վաճառել խոշորագույն շուկաներից մեկում՝ «Google play» հարթակում, ինչը նախկինում անհնար էր։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարկային արտոնություններից օգտվողների ցանկն ընդլայնվել է, այժմ հարկային արտոնություն են ստանում նաև էլեկտրոնային համակարգերի արտադրությամբ և համակարգչային անիմացիայով զբաղվող նորաստեղծ ընկերությունները։ Հիմա օրենսդրական նախաձեռնություն է քննարկվում, որի արդյունքում էլեկտրոմոբիլների ներմուծումը ՀՀ կազատվի ԱԱՀ-ից։

39․ 10,5 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորում է ստացել և մեկնարկել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը։ 2018 թվականին ակտիվ գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է շուրջ 800-ի՝ ապահովելով 23% աճ` 2017 թվականի համեմատ։ 2018 թվականի Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 730 մլն ԱՄՆ դոլար, համակցված տարեկան աճը կազմել է 28%: 2018 թվականին ՏՀՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է 19552-ի, ինչի արդյունքում մոտ 27% աճ է գրանցվել 2017 թվականի համեմատ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել