AMD և Cray ընկերությունները Միացյալ Նահանգների իշխանությունների հետ համագործակցությամբ մինչև 2021-2022 թվականը կմշակեն գերհամակարգիչ, որն, ինչպես սպասվում է, կդառնա ամենահզորն ինչպես ԱՄՆ-ի տարածքում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Մայիսի 7-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ռիք Փերին CNBC հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի AMD մշակող ընկերությունը Cray-ի հետ մեկտեղ, որը մասնագիտացած է գերհամակարգիչների ստեղծման բնագավառում, հավակնոտ նպատակ են դրել ստեղծելու մեքենա, որի աշխատանքային անվանումն է Frontier: Փերին ընդգծում է, որ նոր գերհամակարգչի մոտավոր հզորությունը կկազմի 1,5 էքսաֆլոպս: Դա նշանակում է, որ այն մեկ վայրկյանում այն կկարողանա մշակել մեկուկես քվինտիլիոն (1 500 000 000 000 000 000) հաշվողական գործողություն: Փերին ճշտել է, որ նոր գերհամակարգիչը կգործի Թենեսիի նահանգի համալսարանին կից Օք Ռիջ ազգային լաբորատորիայի հիմքի վրա:

«Frontier-ի ռեկորդային հզորությունը մեր երկրին հնարավորություն կընձեռի առաջատար դիրքեր գրավելու համաշխարհային գիտության բնագավառում, որն ապահովում է ամերիկացիների և ամբողջ աշխարհի կյանքն ու տնտեսական բարգավաճումը»,- ասել է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության ղեկավարը: Ավելի վաղ տեղեկացվել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն Intel ընկերության հետ համատեղ պլանավորում են ձեռնամուխ լինել մեկ այլ գերհամակարգչի՝ Aurora-ի ստեղծմանը, որը կգործի Չիկագոյի (Իլինոյսի նահանգ) Արգոնի ազգային լաբորատորիայում: Դրա արտադրողականությունը կկազմի մեկ Էքսաֆլոպս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել