«Ես մասնագետ չեմ, կարող եմ սխալվել, բայց երբ կարդացի «Իմ մարմինն անձնական է» գիրքը, տեսա, որ ոչ մի արտառոց բան չկա»,- այս մասին այսօր վարչապետի պաշտոնում մեկամյա աշխատանքն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աղմուկը, որ բարձրացավ այդ գրքի շուրջ, ցանկացա տեսնել՝ ինչ է: Ես այդ գիրքը վերցրի, որպեսզի կարդամ և հասկանամ՝ սարսափելի բան կա՞, թե՞ ոչ: Այն երեխային բացատրում էր, որ մարմնի անձնական մասեր գոյություն ունեն, ասում էր, որ երբ մայրիկը, հայրիկը համբուրում են, դա նորմալ է և ասում էր, որ լինում են դեպքեր, երբ օտարներ կամ քեռիներ են ինձ համբուրում, և դա այդքան էլ հաճելի չէ: Ես իմ երեխայի օրինակով գիտեմ, լինում են դեպքեր, երբ այլ մարդիկ համբուրում են իրեն, և այդքան էլ հաճելի չէ, ես զգում եմ դա, տեսնում եմ: Գիրքը երեխային բացատրում է այս ամենը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի տեղեկացմամբ՝ 2017-ին ՀՀ-ում մանկապղծության 71 դեպք է տեղի ունեցել: Ըստ նրա՝ Հայաստանում տարեկան միջինը 50, 60, 70 մանկապղծության դեպք է գրանցվում:

«Դրանք ենթադրաբար տեղի են ունենում նաև այն պատճառով, որ երեխաները շատ դեպքերում չեն հասկանում՝ իրենց հետ ինչ է տեղի ունենում: Մանկապղծության դեպքերը տեղի են ունենում, երբ երեխային ներքաշում են, երեխան ինտուիտիվ ինչ-որ բան հասկանում է, բայց չգիտի՝ դա նորմա՞լ է, թե՞ նորմալ չէ: Գրքում երեխային ասում է՝ երբ որ դու հայտնվես նման իրավիճակում, երբ քո մարմնի անձնական համարվող մասերին օտար մարդը փորձի դիպչել, դու իրեն կարող ես ասել՝ ոչ, չի կարելի դիպչել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է գրքի միջոցով այլասերվածություն տարածելու վերաբերյալ քննադատություններին, վարչապետը նշեց. «Մեր երեխաներն ի վերջո հասուն տարիքի են հասնում և հասուն կյանք են մտնում, իրենք որտեղի՞ց են իմանում այդ ամեն ինչի մասին, փողոցի՞ց, իրարից լսելո՞վ, ինտերնետում իրենց տարիքի համար չնախատեսված ֆիլմեր դիտելո՞վ, կներեք, պոռնո կայքերից թաքուն օգտվելո՞վ: Սա մեզ չի՞ մտահոգում»: 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է լսել բոլոր այն մարդկանց, ովքեր ասում են՝ գիրքը այլասերվածություն է տարածում. «Եթե այլասերվածություն է, եկեք արմատախիլ անենք, բայց եկեք հասկանանք էլի, թե դա ինչ է»:

Նրա կարծիքով՝ երեխաների համար պետք է սեռական գրագիտություն ապահովել. «Խոսքը միայն երեխաների մասին չէ, ընդհանրապես մեր բնակչության մասին է: Դուք գիտե՞ք, որ իմպոտենցիայի դեպքերի մեծ մասը հետևանք է առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասի: Բա դա մեր ավանդական ընտանիքի խնդիր չէ՞, դա ժողովրդագրական խնդիր չէ՞, դա լուրջ պրոբլեմ չէ՞»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել