Tert.am-ը գրում է.

Եթե որևէ մեկը մտածում է, թե նախարարը պակաս ենթակա է վարչապետին, քան վարչապետին ենթակա մարմնի ղեկավարը, ինքը սխալվում է: Այս մասին այսօր վարչապետի պաշտոնում մեկ տարի աշխատելու ամփոփիչ ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԱԾ-ն և Ոստիկանությունը վարչապետի ենթակայությունից հանելու հարցին:

Լրագրողը հիշեցրեց, որ նախորդ տարի մայիսի 1-ին ԱԺ-ում ելույթի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետությունը ներկայացրել էր անսահմանափակ լիազորությունների շրջանակ և որպես օրինակ բերել էր ԱԱԾ-ն և Ոստիկանությունը, որոնք պարտադիր պետք է դառնան նախարարություն: Հարցին, թե վարչապետի լիազորությունները որոշակի կրճատումը ինչո՞ւ էր նախկինում նպատակահարմար, այսօր նպատակահարմար չէ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Այս դեպքում առաջացել է մտահոգություն. եթե ԱԱԾ տնօրենի պաշտոնը լինի քաղաքական կարգավիճակ, այսինքն՝ այդ պաշտոնում օրենսդրորեն հնարավոր լինի նշանակել քաղաքական գործիչ, մենք կունենանք նոր Սերժ Սարգսյանի էֆեկտ: Ո՞րն է դա, երբ մարդը ոչ թե պրոֆեսիոնալ զինվորական է, այլ քաղաքական գործիչ է, որն ունի քաղաքական նպատակներ: Եվ երբ ինքն ունի քաղաքական նպատակներ, ազգային անվտանգության ծառայության և Սերժ Սարգսյանի դեպքում նաև ոստիկանության պետը, նա այդ պաշտոնին էլ է եղել, այդ օպերատիվ լծակներն օգտագործվում են սեփական քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու համար: Եվ քաղաքական դաշտում կան այդպիսի դիրքորոշումներ, որ մենք չենք ուզում, որ մեր մրցակիցներից որևէ մեկը լինի քաղաքական գործիչ և միևնույն ժամանակ ԱԱԾ տնօրեն: Շատ պարզ փաստարկ է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել