Թեև Գերմանիան համարվում է համաշխարհային մակարդակով աշխարհի կրթական կենտրոններից մեկը, սակայն, ըստ երկրի կրթության նախարարության հետազոտության, 6.2 մլն մարդ չի կարողանում ձեռագիր գրել և կարդալ գերմաներեն: Դրա 45%-ը ներգաղթյալներն են, որոնք ընդհանրապես չեն տիրապետում գերմաներենին, սակայն, որքան էլ զարմանալի թվ, 55%-ը էթնիկ գերմանացիներ են, այսինքն՝ գերմաներենը իրենց մայրենի լեզուն է, և նրանք չեն կարողանում իրենց մայրենի լեզվով գրել ձեռագիր:

Պատճառը, հետազոտության գերմանացի հեղինակների կարծիքով, դպրոցներում լայնորեն կիրառվող համակարգիչներն են, որոնք թույլ չեն տալիս ձեռքով աշխատել, կիրառում են միայն համակարգիչներ:

Որքանով է դա դրական կամ բացասական ազդում ազգի կամ հասարակության զարգացման վրա, տարբեր ու խիստ հակասական կարծիքներ կան:

Ըստ տեխնոլոգիական նորարարությունների առաջատար Գերմանիայի գետազոտողների՝ ձեռագիրը միջոց է մարդու ուղեղի աշխատանքի ակտիվացման համար, մինչդեռ միայն համակարգչի կիրառումը ռոբոտացնում է նրան, զրկում տրամաբանելու կարողությունից:

Հատուկ թեստ անցած երկու խմբի մարդկանց մի խմբին 3 շաբաթ արգելել են նյութական, շոշափելի գիրք կարդալ կամ գրել ձեռագիր՝ օգտվելով միայն համակարգչային միջոցներից՝ օնլայն գրքեր, էլեկտրոնային տեքստեր և այլն: Մյուս խմբին արգելել են օգտվել համակարգչից ընդհանրապես:

Երկու խմբի հետազոտվողների ուղեղի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն համակարգչից օգտվողների ուղեղի՝ տրամաբանության համար պատասխանատու բջիջների ակտիվությունը 44%-ով զիջում է ձեռագիր գրող կամ շոշափելի գիրք կարդացողներին:

Իհարկե, ինքս դեմ եմ համակարգչից հրաժարվելուն, քանի որ այսօր դա մեր կյանքի անբաժան մասն է, և ուղղակի անհնար է ապրել առանց համակարգչային տարբեր միջոցների, սակայն կարծում եմ՝ պետք է համակարգիչը լինի օժանդակ միջոց մեր կրթության և կենսական պահանջների բավարարման համար, ոչ թե միակ կամ հիմնական միջոցը:

Գերմանիայի կրթության նախարարությունն այժմ քննարկում է տարրական և միջին դասարաններում համակարգիչների պարտադիր կիրառումից հրաժարվելու հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել