Yerkir.am-ը գրում է.

Ստեփանակերտում կայացած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովի արդյունքները Yerkir.am-ի հետ զրույցում ամփոփել է Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

- Պարոն Իշխանյան, ինչպե՞ս կգնահատեք համաժողովի ընթացքը:

- Կարծում եմ` համաժողովի անհրաժեշտության մասին չարժե խոսել ու քննարկել, որովհետև անհրաժեշտությունը ոչ թե այսօր էր, այլ վաղուց կար: Այդ իսկ առումով եկեք փորձենք անդրադառնալ ընդհանուր գործընթացին ու դրա հետևանքներին: Գործընթացը, որը նախաձեռնվեց ամիսներ առաջ և աստիճանաբար հասցվեց ֆորումին գործնական ընթացք տալուն, պայմանավորված է մեր ներքին իրավիճակով ու արտաքին մարտահրավերների թելադրանքով: Հայաստանի ու Արցախի միջև ռազմավարական դաշինքի կնքումն այն իրավական ակտի և իրավական հիմքերի ստեղծումն է, որը կարող է ամրացնել ու ուժեղացնել հայկական արտաքին դիվանագիտությունը:

Հիացած եմ համաժողովի ընթացքով: Ողջունում եմ ելույթները, մանավանդ` տարբեր տեսակետների առկայությունը: Անշուշտ, ամբողջ ֆորումի ընթացքը ցույց է տվել, որ տարբեր քաղաքական ուժերի մոտ, անկախ տարակարծություններից, կա ընդհանուր կոնսենսուս, միասնական ճակատով գործելու պատրաստակամություն: Ֆորումի ժամանակ բարձրաձայնվեց` այն համահայկական օրակարգի ձևավորման ու համահայկական տարբեր հարցերին է վերաբերում նաև: Հարցերից մեկը հենց այդ ռազմավարական դաշինքն է ու այդ ռազմավարական դաշինքից բխող մեր ընդհանուր դիրքերի ամրապնդումը:

- Պարոն Իշխանյան, տեսակետ կա, որ այն կարող է դուր չգալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին: Պե՞տք է ուշադրություն դարձնել նման մտահոգություններին կամ «վախենալ»:

-Կարծում եմ` արձագանքներ ու մտահոգությունները կարող են լինել: Կարող են որոշակի ազդակներ հնչել ֆորումի ավարտին ու հռչակագրի ընդունումից ու համապատասխան գործընթաց սկսելուց հետո, բայց դա չպետք է մեզ կանգնեցնի, նման իրավիճակներում եղել ենք ու միշտ էլ կարողացել ենք հաղթահարել: Ես վստահ եմ, որ ամեն ինչ հաղթահարելի է, անգամ ռազմական գործողությունների սպառնալիքը չպետք է մեզ հետ քաշի մեր սկսած գործընթացից: Այն պետք է ունենա իր տրամաբանական շարունակությունն ու հավատը ամբողջական նպատակներին հասնելու համար:

-ՀՀ իշխանություններն ասում են, որ Արցախի անունից բանակցելու մանդատ չունեն, Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի մասին համաձայնագիրը կարո՞ղ է այդ մանդատը լինել:

- Որևէ մեկը, կարծում եմ, չի կարող հստակ ասել, թե որտեղ է սկսվում կամ որտեղ է ավարտվում մանդատ ունենալու հանգամանքը: Այստեղ ուղղակիորեն կա ռազմավարական ու մարտավարական խնդիրների, դերերի բաշխման հասկացությունը, ու ես կարծում եմ, որ այդ ամենին պետք է փորձել վերլուծական ու քաղաքագիտական պրիզմայով նայել, թե ինչպես են հնչեցվում նման տեսակետները: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել