Յուրաքանչյուր ոք կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվում է մշակութային շոկի։ Օրինակ՝ ձեզ կարող է տարօրինակ թվալ, սակայն Եգիպտոսում հարսանիքից առաջ հարսնացուի ընկերուհիները կսմթում են նրան, որը հաջողություն մաղթելու ձև է։ Չնայած տարօրինակություններին՝ այնուամնենայնիվ, յուրաքանչյուր ավանդույթ մեզ կարող է որևէ արժեքավոր բան սովորեցնել տվյալ երկրի կամ մշակույթի մասին։

Ոչ մի լոգարան հարսանիքից հետո․ Ինդոնեզիա

Ինդոնեզիայի Տիդոնգ հանրույթում ամուսնական զույգին արգելվում է հարսանիքից հետո 3 օրվա ընթացքում օգտվել լոգարանից։ Համարվում է, որ հակառակ դեպքում ամուսնությունը դժբախտ կլինի։ Երիտասարդներն այդ ընթացքում անընդհատ գտնվում են ընտանիքի անդամների վերահսկողության տակ, որպեսզի նրանք չխախտեն ավանդույթը։

Արգելվում են դեղին ծաղիկները․ Մեքսիկա

Գրեթե բոլոր երկրներում զգացմունքներն արտահայտելու ամենալավ միջոցներից մեկը վարդ նվիրելն է, սակայն որոշ երկրներում մեծ նշանակություն է տրվում նրանց գույնին։ Մեքսիկայում արգելվում է նվիրել դեղին վարդ, քանի որ մեքսիկական մշակույթում այս գույնը կապվում է մահվան հետ։

Ափսեների ճակատամարտ հարսանիքից առաջ․ Գերմանիա

Գերմանական հարսանիքից մի քանի շաբաթ առաջ անց է կացվում մի ծես, որը հայտնի է Պոլտերաբենդ անվանումով։ Հյուրերն իրենց հետ բերում են ափսեներ և այն ջարդում են հարսի և փեսայի տանը։ Վերջում զույգը պետք է հավաքի տունը, որը, ըստ ավանդույթի, հաջողություն և երջանկություն է բերում։

Ավանդական ուշացում․ Վենեսուելա

Եթե Վենեսուելայում դուք գնում եք որևէ միջոցառման, հանդիպման կամ երեկույթի, ապա հաշվի առեք, որ սովորաբար մարդիկ գալիս են նախատեսված ժամից մի քիչ ուշ։ Վենեսուելացիները վայելում են կյանքի հանգիստ տեմպը, անգամ եթե խոսքը գնում է որևէ լուրջ միջոցառման կամ հանդիպման մասին։

Վտանգավոր մրջյունների խայթոց․ Բրազիլիա

Բրազիլական սատերե-մավե ցեղախմբում երբ երեխան դառնում է չափահաս, նա պետք է իրականացնի ավանդական պար, որի ժամանակ հագնում է վտանգավոր փամփուշտ-մրջյուններով լեցուն ձեռնոց։ Այս ծեսը շատ բարդ է, քանի որ այս միջատի խայթոցը համարվում է աշխարհի ամենացավոտ խայթոցներից մեկը։

Հետաքրքիր գլխարկներ չամուսնացածների համար․ Ֆրանսիա

Ամեն տարի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայում տոնում են Սուրբ Եկատերինայի օրը։ Այդ օրը 25 տարին լրացած բոլոր աղջիկները կրում են կանաչ և դեղին գլխարկներ, որոնք խորհրդանշում են իմաստություն և հավատ։ Ոմանք այս օրը նշում են՝ հուսալով, որ շուտով պետք է ամուսնանան, իսկ ոմանք էլ նշում են իրենց անկախությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել