Միացյալ Նահանգների առաջատար ընկերությունները, որոնք զբաղվում են արհեստական մսի արտադրության տեխնոլոգիաների մշակմամբ, մտադիր են արդեն այս տարի ներկայացնել այդ մթերքը: «Նոր մսի» նախապատրաստման մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը:

«Փորձանոթի միսը», չնայած փոքր-ինչ վախեցնող անվանմանը, ըստ էության, չի տարբերվի սովորականից, վստահացնում են դրա ստեղծողները: Տարբերությունը սոսկ այն է, որ գյուղատնտեսական կենդանիների բուծման փոխարեն, որոնց այնուհետեւ ուղարկում են սպանդանոց, մսային մթերքն անմիջապես կաճեցվի լաբորատոր պայմաններում:

Այլ խոսքով՝ ուղղակիորեն գործարանում հատուկ սնուցիչ միջավայրում կարելի կլինի «աճեցնել» գործածության համար պատրաստի տավարի լցոն: Դրանք կլինեն ճիշտ այնպիսին, ինչպիսին իսկական միսն է, մկանային հյուսվածքներ, որոնք, սակայն, երբեք կենդանի օրգանիզմի մաս չեն եղել: Արտաքուստ եւ համով տարբերությունը նույնպես նկատելի չի լինի, համոզված են մշակողները:

Տեխնլոգիան թույլ կտա ամբողջ արտադրական շղթան հանգեցնել սոսկ մեկ փուլի՝ պատրաստի մթերքի «աճեցման», ինչը, փաստորեն, ավելորդ է դարձնում բուն անասնապահությունը, գյուղատնտեսական կերերի արտադրությունը, սպանդանոցները եւ նման շատ բաներ:

«Եթե այս մտահղացումը թեկուզեւ մասնակիորեն իրականացվի, դա կդառնա մեր հարյուրամյակի ամենանշանակալից տեխնոլոգիական ճեղքումներից մեկը»,- համոզված է Քրիստոֆեր Գաստերատոսը՝ Cellular Agriculture Society («Բջջային գյուղատնտեսության ընկերության») ոչ առեւտրային կազմակերպության հիմնադիրը, որը ֆինանսավորում է այս բնագավառի հետազոտությունները:

Հիշյալ մտադրությունների լրջության մասին է վկայում այն փաստը, որ Միացյալ Նահանգների կարգավորող գերատեսչություններն արդեն այս տարի կթողարկեն հատուկ նորմատիվային փաստաթղթեր, որոնք սահմանում են նման արտադրանքի պատրաստման կանոնները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել