Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում այրված և 41 մարդու մահվան պատճառ դարձած Sukhoi Superjet 100 օդանավի բորտուղեկցորդուհիներից մեկը՝ Տատյանա Կասատկինան, պատմել է միջադեպի մանրամասները, մասնավորապես ուղևորների տարհանման մասին, գրում է vz.ru-ն:

Կասատկինայի խոսքով՝ ուղևորները սկել են իրենց նստատեղից վեր կենալ և մուտքին մոտենալ դեռևս այն ժամանակ, երբ ինքնաթիռը շարժվում էր մեծ արագությամբ: Բացի այդ, նրանք հեռախոսներով զանգահարում էին ու բղավում, որ ինքնաթիռն այրվում է և ընկնում:

Բորտուղեկցորդուհին հավելել է, որ վայրէջքից անմիջապես հետո իրենք սկսել են ուղևորների տարհանումը:

«Ամեն ինչ չափազանց արագ կատարվեց, գեթ մեկ վայրկյան չկար սպասելու համար: Ուղևորներին հրելով էի դուրս հանում: Ամեն մեկին օձիքից բռնած էի հանում, որպեսզի նրանք չդանդաղեցնեն տարհանման գործընթացը»,-ասել է կինը:

Նա նաև հաստատել է օդաչու Դենիս Եվդոկիմովի խոսքն այն մասին, որ ինքնաթիռին իսկապես կայծակ է հարվածել, ինչից հետո ռադիոկապի հետ խնդիրներ են առաջացել: Կասատկինայի պատմելով՝ սրահում կրակ չի եղել, սակայն որոշ ուղևորներ նկատել են՝ ինչպես են իլյումինատորները սկսում հալչել նախքան օդանավի կանգ առնելը:

Ինչպես ավելի վաղ հայտնվել էր Sukhoi Superjet 100 ինքնաթիռի կոշտ վայրէջքի վայրում հայտնաբերվել է մի քանի «սև արկղ»:

Փրկարարներն արդեն ուսումնասիրել են այրված ինքնաթիռի բեկորներն ու սրահից դուրս բերել բոլոր դիերը: Ընդհանուր առմամբ զոհվել է 41 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Դիերի մեծ մասն ուղարկվել է Մոսկվայում դատափորձաքննության դիահերձարան, որտեղ պետք է նրանց ինքնությունը ճանաչվի: Հայտնի է, որ զոհերի հարազատներից մոտ հիսունն արդեն մայրաքաղաք է ժամանել:

Ավիաաղետի պաշտոնական պատճառը դեռևս չի հայտարարվել: Այժմ շրջանառվում է մի քանի վարկած, համաձայն որոնց՝ հրդեհը բռնկվել է, երբ օդանավը վայրէջքի ժամանակ քթով հարվածել է թռիչքուղուն, կամ որ վայրէջքից հետո ինքնաթիռը վնասվել է, շարժիչները բռնկվել են: Մինչդեռ «Շերեմետևո»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է կոշտ վայրէջքից հետո: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ էլ՝ հրդեհը սկսվել է կայծակի հարվածի պատճառով:

ՌԴ Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ուղևորատար ինքնաթիռի հրդեհման պատճառով:

Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս:

Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով 18:00-ին: Քսանութ րոպե անց այն վթարային վայրէջքի իրավունք է խնդրել և կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից հետո: Կոշտ վայրէջքի հետևանքով ինքնաթիռը վնասվել է, շարժիչներն այրվել են: Այնուհետև կրակը տարածվել է ինքնաթիռի պոչի հատվածում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել: Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել են;

«Աէրոֆլոտ»-ի կայքում հրապարակվել է փրկվածների նախնական ցուցակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել