«Օրերս Հայաստան ժամանած ԵԱՏՄ ան­դամ վարչապետներից միայն Դմիտրի Մեդվեդևն արժանացավ Նիկոլ Փաշինյանի առանձ­նահատուկ ընդունելությանը: Հայաստանի վարչապետը թերևս ցանկանում էր ցույց տալ, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ ամ­րապնդված նաև երկու երկրների բարձրաս­տիճան պաշտոնյաների մտերիմ հարաբերու­թյուններով: 

Իհարկե, Փաշինյանի այս մտադ­րությունն ակնհայտորեն «փչացրեց» սոցիա­լական ցանցերում ակտիվ տարածում գտած տեսագրությունը, որի հիմնական դրվագը Փաշինյանի խոսքն ու Մեդվեդևի ծիծաղն էին: Սակայն ավելի ուշագրավ է, որ Փաշինյանին ավելի շատ վնասեցին նրա «դուխով» թիմա­կիցները, որոնք վարչապետից առաջ ընկնե­լով՝ Ռուսաստանի վարչապետին մեղադրե­ցին անտակտության մեջ: Ընդհանրապես այս անիմաստ թեմայի շուրջ բոլոր կողմերի անիմաստ արձագանքները ի ցույց են դնում դիսկուրսիոն հարթակի մակերեսայնությունն ու խորքային խնդիրների անտեսումը:

ԵԱՏՄ վարչապետների հավաքն ու Փաշինյան-Մեդվեդև «տնավարի» զրույցն ամենևին էլ չեն վկայում հայ-ռուսական «փայլուն» հա­րաբերությունների մասին: Այս կարևոր հար­ցում ևս իշխանությունը փորձում է էպատաժային քարոզչությամբ քողարկել տխուր իրա­կանությունը: Սակայն քարոզչությունը հասա­րակության վրա կարող է կարճաժամկետ ազ­դեցություն ներգործել, իսկ չոր փաստերն ավելի խոսուն են՝ հատկապես ինֆորմացիա­յի ազատության այսօրվա ժամանակներում, երբ քաղաքացին հնարավորություն ունի տե­ղեկացված լինել բազմաթիվ աղբյուրներից: 

2019 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ունի արտահանման և ներկրման նվազում: 2018-ի սկզբին ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառությունը կազմում էր 29 տոկոս, այս տարի արդեն կազմում է 11 տոկոս: Վիճակագրական «հեղափոխու­թյան» սիրահար մեր վարչապետը ֆեյսբուքյան լայվերում ու գրառումներում, բնականաբար, շրջանցում է այս թվերը՝ չնայած դրանք ոչ մի տեղ չեն կորչում:

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապ­րանքաշրջանառության կրճատման հիմքում միայն տնտեսական գործոնները չեն: Չնա­յած՝ եթե անգամ այդ բաղադրիչը լիներ առաջնային, ապա դա փաստորեն անուղղակիորեն կարձանագրեր, որ հեղափոխությունից հետո Հայաստանում տնտեսական աճ գոյություն չունի: Սակայն անդրադառ­նանք ավելի կարևոր մի խնդրի:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը տարբեր պետությունների հետ իր հարաբերությունների հիմքում դնում է աշխարհաքաղաքական գործոնը՝ նույնիսկ այն դեպքերում, երբ տնտեսությունը դրանից տուժում է: Արդ, եթե Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրան­քաշրջանառությունը կրճատվում է, ապա Մոսկվայում ակնհայտ անվստահություն կա Հայաստանի իշխանության հանդեպ: Այս հիմնական խնդիրն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմն առայժմ չի կարողանում լուծել, եթե ան­գամ «թանկագին հյուրերը» հյուընկալվում են վարչապետի տանը: Ի վերջո, շատ կարևոր է, որ Հայաստանի արտաքին քաղաքականու­թյունը կանխատեսելի դառնա, ինչը կնպաս­տի ոչ միայն հայ-ռուսական հարաբերու­թյունների բնականոնությանը, այլ նաև Երև­անի նկատմամբ պատշաճ վերաբերմունք կձևավորի Վաշինգտոնում ու Բրյուսելում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել