«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող միջմշակութային երկխոսու­թյան համաշխարհային համաժողովում հայ­տարարել է, թե բացակայում է ՄԱԿ ԱԽ բա­նաձևերի իրականացման մեխանիզմ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող: Ալիևը շարունակել է «վատանալ» և նշել է, թե ՄԱԿ ԱԽ բանաձևերը թղթի վրա են մնացել. «Հայաստանը շարունակում է օկու­պացնել մեր պատմական հողերը՝ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի ևս 7 շրջան»:

Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը մի քանի ամսվա իբր «կառուցողական» շեշտադրումներից հետո ակնհայ­տորեն նորից փոխվել է՝ վերադառնալով ի շրջանս յուր:
Սակայն խնդիրը միայն Ալիևի ու ալիևականների ռազմատենչ ելույթները չեն, ան­ցյալ օրերին հրադադարի ռեժիմը քանիցս խախտվել է, ընդ որում՝ հակառակորդը թիրախավորել է ինչպես Հայաստանի Տավուշի մարզի որոշ բնակավայրեր, այնպես էլ Ար­ցախի արևելյան (Ակնա) հատվածը:
Բաքվի նման քաղաքականությունը զար­մանալի չէ, արտառոցն այն է, որ Հայաստա­նի պետական ու քաղաքական գործիչները խոսում են ամեն ինչից՝ սառն անտարբերությամբ լռություն պահպանելով առաջնագծից ստացվող մտահոգիչ լուրերի կապակցու­թյամբ:
Օրինակ՝ Հայաստանի Տավուշի մարզը գնդակոծվեց ճիշտ այն օրը, երբ Երևանում մեկնարկեց ԵԱՏՄ վարչապետների հանդի­պումը, ու դա պատահական չէր: 

Զարմանա­լի է այն հանգամանքը, որ Հայաստանի վար­չապետը որևէ կերպ իր գործընկերների ուշադրությունը չհրավիրեց այս փաստի վրա, գոնե՝ հրապարակային քաղաքականության մակարդակում:
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ու իշխանու­թյան այլ ներկայացուցիչներ բազմաթիվ առիթներով արժևորել են, այսպես կոչված, «վերելակային դիվանագիտությունը»՝ Դուշանբեում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի ձեռք բերած բանավոր պայմանավորվածությունները, որոնց շնոր­հիվ, պետք է խոստովանել, անցած տարվա սեպտեմբերից առաջնագծում հարաբերա­կանորեն պահպանվում էր հրադադարը: Վերջին օրերին իրավիճակ է փոխվել, ինչը ենթադրել է տալիս, որ կարգավորման գոր­ծընթացում ինչ-որ զարգացումներ են տեղի ունենում, որոնք կարող են մեծացնել պատե­րազմի վերսկսման ռիսկերը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել