Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ  Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով այսօր ստացվել է  եւս վեց հայտ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանից. «Այսօր իրենց թեկնածությունն առաջադրել են Կարեն Կարապետյանը, Գեւորգ Մուրադյանը, Վահե Գրիգորյանը, Արթուր Վաղարշյանը»,-փոխանցեց նա:

Նշենք, որ դատավորի թափուր տեղի առաջադրման վերջնաժամկետն ավարտվել է այսօր` ժ. 18:00-ին: Ընդհանուր թվով՝ իր  թեկնածություն է առաջադրել 9 հավակնորդ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ առաջադրվել են նաեւ Հովհաննես Հովհաննիսյանը, Մարտին Մանուկյանը և Արմեն Ներսիսյանը: Երկու թեկնածու համաձայնություն չեն տվել, որ իրենց անունները հրապարակվեն։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովը ապրիլի 16-ին կայացած նիստում 24 կողմ, 47 դեմ հարաբերակցությամբ չէր ընտրել ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանին։

Դրանից հետո՝ ապրիլի 18-ին, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր կարգադրություն՝ ՍԴ դատավորի նոր ընտրության մասին. «Հանրապետության նախագահի 2019 թվականի ապրիլի 18-ի ՆԿ-21-Ա կարգադրության 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ մինչև ս. թ. մայիսի 3-ը՝ ժամը 18:00, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով հավակնորդները Հանրապետության նախագահի աշխատակազմ առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով կարող են ներկայացնել Սահմանադրության 165-րդ հոդվածի 1-ին մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացվող պահանջները հավաստող փաստաթղթերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել