Սոցցանցերի ֆիթնես գուրուներն այսօր մեծ ազդեցություն ունեն մարդկանց վրա, որոնք ցանկանում են նիհարել և լավ տեսք ունենալ։ Բայց մասնագետները խորհուրդ չեն տալիս լսել նրանց. Գլազգոյի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նման ֆիթնես գուրուների հրապարակած խորհուրդների մեծ մասը՝ քաշ գցելու վերաբերյալ, անօգուտ են և անգամ վտանգավոր։

Գիտնականները սոցցանցերում մի քանի պրոֆիլներ են վերլուծել՝ գնահատելու համար դրանց տեղեկատվության ճշգրտությունը և հուսալիությունը։ Պարզվել է, որ շատ բլոգերներ հեղինակի անձնական կարծիքը մատուցում են որպես անվիճելի փաստ։ Իսկ իրականում նրանց բոլոր խորհուրդները չեն համապատասխանում գիտական տվյալներին և բժիշկների խորհուրդներին։

Ինչպես պարզել են գիտնականները, 10 բլոգերից 9-ը հրապարակել է ոչ գիտական, ոչ ճիշտ, երբեմն էլ՝ վտանգավոր խորհուրդներ նիհարելու մասին։

Փորձագետները նաև ուսումնասիրել են բաղադրատոմսերի վերաբերյալ գրառումները՝ ելնելով դրանց կալորիականությունից, սննդարար նյութերի և աղի պարունակությունից։ Այդ գրառումներն ուղեկցվել են հայտարարություններով բաղադրատոմսերի բացառիկ օգտակարության մասին։ Բայց, օրինակ, 14 բլոգերից 5-ը չի կարողացել հուսալի հղում ներկայացնել պաշտոնական աղբյուրներին հրապարակված բաղադրատոմսերի օգտակարության վերաբերյալ։ Հատկանշական է, որ ստուգում չանցած բլոգերների մեջ եղել են նաև բժշկական կրթություն ունեցող մարդիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել