Azatutyun.am-ը գրում է.

Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին կոչ է անում վերադարձնել ուկրաինական սահմանների վերահսկողությունը:

Ֆեյսբուքյան գրառման մեջ Զելենսկին նշում է, որ Ղրիմի բռնակցումից և Դոնբասում ագրեսիայից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «ընդհանրություններից» մնացել է միայն պետական սահմանը, և ուկրաինական կողմի յուրաքանչյուր միլիմետրի վերահսկողությունը Ռուսաստանը պետք է վերադարձնի:

«Միայն այդ ժամանակ մենք կկարողանանք շարունակել ընդհանրություններ փնտրել», - գրել է Ուկրաինայի ընտրյալ նախագահը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ռուսաստանցի և ուկրաինացի ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն՝ կողմ արտահայտվելով երկու երկրների ժողովրդի համար միասնական քաղաքացիությանը:

Անցած շաբաթ Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով դյուրացվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնբասի բնակիչներին ռուսաստանյան քաղաքացիություն և անձնագիր տրամադրելու գործընթացը, որն այսուհետ կտևի ընդամենը երեք ամիս՝ դիմելու պահից սկսած: Կիևն ու Արևմուտքը խստորեն քննադատել են Պուտինի հրամանագիրը՝ այն անվանելով սադրիչ քայլ, որը խարխլում է իրավիճակի լարվածությունը թուլացնելու ջանքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել