Ի՞նչ է Իլոն Մասկը մտածում իր հայտնագործությունների մասին, վախենո՞ւմ է արդյոք ինչ-որ բանից, ինչպե՞ս է պատրաստվում կրկին փոխել աշխարհը։

Իլոն Մասկն իր անհավանական հայտնագործությունների շնորհիվ մեզ համար դարձել է ֆանտաստիկ ապագայի հերոսը։ Նրա անվան հետ են կապված այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Space X, Tesla, PayPal, SolarCity, Neuralink The Boring Company ընկերությունները։ Եվ այս ցանկը տարեցտարի միայն աճում է, քանի որ Իլոնը դեռ շատ գաղափարներ ու պլաններ ունի։

Ի՞նչն է նրան դարձրել այնպիսին, ինչպիսին հիմա է։ Ստորև կներկայացնենք Իլոն Մասկի ամենահանրահայտ մտքերը, որպեսզի փորձենք հասկանալ, թե ինչպես է մտածում այդ մեծագույն ինժեները, ձեռնարկատերն ու հայտնագործողը, ով մեր աշխարհը փոխում է ամենահեղափոխական կերպով։

1. Կարևոր է ճիշտ հարցեր տալ

Իրականում ամենաբարդը ճիշտ հարցեր տալն է, բայց հենց դուք դա կարողանաք անել, մնացածն արդեն հեշտ է։ Ես եկել եմ այն եզրակացության, որ մենք պետք է ընդլայնենք մարդկային գիտակցության մասշտաբները, որպեսզի հասկանանք, թե ինչ հարցեր է պետք տալ։ Իրականում միակ բանը, որ իմաստ ունի, հասարակական լուսավորությանը ձգտելն է։

2. Լինել իրադարձությունների կենտրոնում, ուր իսկապես ինչ-որ բան է տեղի ունենում

Ամեն անգամ, երբ ես կարդում էի որևէ լուրջ տեխնոլոգիայի մասին, որը, որպես կանոն, հայտնվում էր ԱՄՆ-ում, իսկ ավելի կոնկրետ՝ Հյուսիսային Ամերիկայում, ես ուզում էի լինել այնտեղ, ուր այդ ամենը ծնվում ու տեղի էր ունենում։ Նույն Սիլիկոնային հովտում։ Չնայած այն ժամանակներում ես անգամ չէի էլ պատկերացնում, թե այն որտեղ է գտնվում։ Ինձ համար դա ինչ-որ առասպելական վայր էր։

3. Գաղափարներով տարված լինելը

Նա ասաց, որ իմ տված առաջին հարցն այն մասին էր, թե արդյոք երբևէ մտածե՞լ է էլեկտրական ավտոմոբիլների մասին, ինչին նա բացասական պատասխան է տվել։

Եվ նա իզուր է այդ պատասխանը տվել։ Մինչ այդ պահը մեր ժամադրությունը հիանալի էր գործում։

4. Ձեզ համար որոշեք, թե ինչո՞վ եք ուզում զբաղվել

Երբ ես սովորում էի քոլեջում, պարզապես մտածում էի, թե ինչերը կարող են գլոբալ կերպով ազդել մարդկության ապագայի վրա։ Եվ ես մտածեցի, որ դա ինտերնետը կլինի, էներգիայի արտադրության նոր աղբյուրներն ու տեխնոլոգիաները, այլ մոլորակների յուրացումը, գենետիկայի ու արհեստական բանականության զարգացումը։

5. Լինել համացանցային հեղափոխության մի մասը

Բոլորովին էլ այնպես չի եղել, որ ես մտածել եմ շատ փող աշխատելու մասին։ Համացանցը ցանկացած մարդու, երկրագնդի որ անկյունում էլ նա գտնվելիս լինի, հնարավորություն է տալիս համաշխարհային ինֆորմացիային հասանելի լինելու։ Դա նման է նյարդային համակարգի իմպուլսներին։ Այդ կերպ մարդկությունը դառնում է սուպերօրգանիզմ։ Նախկինում այդպիսի բան երբեք չէր եղել, և ես ցանկացա լինել այդ գործընթացի մասնակիցը։

6. Աշակերտների մոտիվացիան

Իմ ուսուցիչներից լավագույնը տարրական դպրոցի տնօրենն էր։ Ինչ-ինչ պատճառով մաթեմատիկայի մեր ուսուցիչն ազատվեց աշխատանքից, և տնօրենը որոշեց մեզ ոչ միայն նրա փոխարեն մաթեմատիկա դասավանդել, այլև ծրագիրն անցնել արագացված տեմպերով, որպեսզի հասցնենք մեկ տարվա ընթացքում հասցնել յուրացնել այն ամենը, ինչ մենք բաց էինք թողել։

Դասի առաջին մասի ընթացքում մենք աշխատում էինք ասես հրդեհի ժամանակ, որպես տնային աշխատանք էլ մեզ շատ բարդ աշխատանքներ էին հանձնարարվում։ Դրա փոխարեն դասի երկրորդ հատվածը մեր տնօրենը նվիրում էր Երկրորդ համաշխարհային պատերազմին, որին ինքը մասնակցել էր որպես զինվոր։ Եվ եթե մենք ցանկանում էինք լսել այդ հիանալի պատմությունները, պետք է դժոխային աշխատանք կատարեինք։ Ասեմ, որ բոլորն անխտիր աշխատում էին, և դա շատ լավ էին անում։

7. Կրիտիկական մտածողությունն ու ֆիլտրերի փուչիկները

Արդյո՞ք ձեր բոլոր աքսիոմներն են ճիշտ։ Ընդունելի՞ են արդյոք դրանք կոնկրետ հանգամանքների համար, ճի՞շտ են արդյոք մեր եզրահանգումներն ու եզրակացությունները։ Այս հարցերի մեջ է ամփոփված կրիտիկական մտածողության ողջ էությունը։ Զարմանալի է, թե որքան հաճախ են մարդիկ մոռանում այդ մասին։ Մտածում եմ, որ պատճառը թաքնված է մեր ուղեղի կառուցվածքի մեջ։ Մենք ուզում ենք, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես մենք ենք որոշել, այդ պատճառով էլ մեր համոզմունքները կասկածի տակ դնող ինֆորմացիան պարզապես մի կողմ ենք նետում։

8. Մտածողության բազային սկզբունքներն ու անալոգներով դատողությունը

Ես ենթադրում եմ, որ մտածողության համար լավ հիմք է հանդիսանում ֆիզիկայի մեջ կիրառվող դատողության առաջին սկզբունքը։ Առաջին սկզբունքը բազային ենթադրություն է, որը հնարավոր չէ դուրս բերել մեկ այլ ենթադրությունից։ Ես նկատի ունեմ չմտածել նման օրինակներով։

Մեր ողջ կյանքում մենք մտածում ու գործում ենք՝ դատելով ըստ անալոգների, ինչը նշանակում է, որ պարզապես պատճենում ենք այն, ինչ անում են ուրիշները, հնարավոր է, չնչին փոփոխություններով։ Եվ դա նորմալ է, քանի որ այլ կերպ չես գոյատևի։ Եվ եթե դուք ուզում եք մտածել կամ տրամագծորեն նոր բան անել, պետք է օգտագործել ֆիզիկայում առկա մոտեցումը։ Ֆիզիկոսներն իսկապես մտածել են, թե ինչպես բացարձակապես նոր, հաճախ հակասական ու պարադոքսալ բաներ բացահայտեն, օրինակ՝ նույն այդ քվանտային մեխանիկան։

9. Կարևոր է հասկանալ, թե ինչու է պետք սովորել

Շատ դպրոցականներ անկեղծորեն չեն հասկանում, թե ինչու իրենք պետք է դպրոց գնան։ Վստահ եմ, որ նրանց մոտիվացիա տալու համար պետք է նախ նրանց բոլոր «ինչու»-ներին պատասխանել։ Միայն այդ ժամանակ նրանք կտեսնեն նպատակը։

10. Միշտ ու անընդհատ սովորեք, նույնիսկ ձեր հնարավորությունների սահմանագծում

Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ իմ գլուխն արդեն ծայրեծայր լցված է։ Խնդրից խնդիր տեղափոխվելն այնքան էլ հեշտ բան չէ, մինչդեռ պետք է նաև դրանցից յուրաքանչյուրից գլուխ հանել։ Բայց, անկեղծ ասած, ես մտածում եմ, որ մարդիկ ունակ են ավելի շատ սովորելու, անգամ եթե նրանց թվում է, որ դա արդեն անհնար է․ չէ՞ որ նրանք հանձնվում են անգամ որևէ փորձ չձեռնարկելով։

Փոքր խորհուրդ․ գիտելիքները պատկերացրեք սեմանտիկ ծառի կերպարով։ Հենց որ դուք հասկանաք բազային սկզբունքները՝ արմատը և մեծ ճյուղերը, ապա դետալներից, այսինքն՝ տերևներից, գլուխ հանելն իրենից բարդություն չի ներկայացնի։

11. Տարրական դպրոցի կառուցվածքային ձևաչափը

Ճիշտ չէ, որ բոլոր երեխաները դասարանից դասարան են փոխադրվում հոսքային ձևաչափով՝ ուսումնասիրելով անգլերեն, մաթեմատիկա ու այլ առարկաներ որոշակի ժամաքանակով․ չէ՞ որ բոլոր երեխաները տարբեր բաների հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում, տարբեր արագություններով և տեմպերով են գիտելիքներ յուրացնում։ Թույլ տվեք նրանց իրենց ավելի հարմար տեմպով առաջընթաց գրանցել այն առարկաները յուրացնելիս, որոնք նրանց հետաքրքրում են։ Ինձ թվում է՝ դա բացարձակ ակնհայտ բան է։

12. Ճշմարտության նշանակությունը

Ես միշտ փորձում եմ հասնել ճշմարտության ակունքներին, բացահայտել ողջ ճշմարտությունն ամեն ինչի մասին։ Ենթադրում եմ, որ դա շատ կարևոր է։ Եթե դուք պատրաստվում եք որևէ որոշում ընդունել, դա իսկապես շատ-շատ կարևոր է։

13. Օգուտ տալու մղում

Երբ դուք ընկերություն եք ստեղծում, պետք է ինքներդ ձեզ հարցնեք, թե ինչ օգուտ այն կբերի մարդկանց, այլ ոչ թե մտածել այն մասին, որ դուք ուզում եք բիզնեսմեն դառնալ ու մեծ փողեր վաստակել։

14. Մարդու անձը և տեսակը շատ կարևոր հանգամանք են

Իմ ամենամեծ սխալը, որը ես փորձում եմ ուղղել, այն է, որ ես չափից առավել շատ նշանակություն եմ տվել մարդկանց տաղանդին, այլ ոչ նրանց անձի տեսակին։ Իսկապես շատ կարևոր է, երբ մարդը բարի սիրտ ունի։ Եվ ես սխալվում էի՝ ենթադրելով, որ ամենակարևորն ուղեղն է։

15. Պատրաստ եղեք թե՛ հաջողություններին, թե՛ անկումներին

Մենք հաջողության քարտեզներ չունենք։ Երբեք չգիտես, թե որ քայլերը կհանգեցնեն տապալման։ Սխալվելը նորմալ է, դրանից դեռ ոչ ոք չի մահացել։

16. Քննադատության նշանակությունը

Ուրիշ մարդկանց խնդրեք քննադատել ձեզ, հատկապես ձեր ընկերներին, քանի որ նրանք ձեզ իրենց նախաձեռնությամբ հաստատ չեն ասի ոչինչ, անգամ եթե մտածեն էլ։

17. Մենք կիբորգներ ենք

Մենք բոլորս արդեն վերածվել ենք կիբորգների․ չէ՞ որ մենք ինքներս ենք ստեղծել համացանցում մեր սեփական թվային տարբերակն էլեկտրոնային նամակների, սոցցանցերում բազմաթիվ հաշիվների ու համացանցում մեր ողջ գործունեության օգնությամբ։

Համակարգչի ու սմարթֆոնների ու դրանց հավելվածների շնորհիվ մենք այսօր տիրապետում ենք սուպերուժի։ Մեզնից յուրաքանչյուրը նույնիսկ ավելի շատ ուժ ունի այսօր, քան ԱՄՆ նախագահը 20 տարի առաջ։ Դուք կարող եք ստանալ ցանկացած հարցի պատասխանը, միաժամանակ հաղորդագրություններ կարող եք ուղարկել միլիոնավոր մարդկանց, դուք կարող եք իսկական հրաշքներ գործել։

18. Մի վախեցեք փոփոխություններից

Որոշ մարդիկ փոփոխություններ չեն սիրում, բայց այլ ելք չկա։ Դուք ստիպված եք ընդունել դրանք, հատկապես եթե այլընտրանքը միայն մեկն է՝ աղետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել