Azatutyun.am-ը գրում է.

«Ես կարա՞մ ուրիշին առևանգեմ, վայ թե Ղուշչյանն ա ինձ առևանգել», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց վեցերորդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն՝ արձագանքելով հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանի այն հայտարարությանը, թե Ալեքսանյանն առևանգել է իրեն։

Ալեքսանյանն ասաց, որ Ղուշչյանի հետ երբեք չի շփվել, նրան միայն հեռուստացույցով է տեսել։

«Ես առևանգող մարդ ե՞մ, այ ցավդ տանեմ, ի՞նչ եք ուզում ինձնից, ինձ չառևանգեն, ես կարա՞մ ուրիշին առևանգեմ, վայ թե Ղուշչյանն ա ինձ առևանգել», - ասաց գործարարը։

Իրեն առևանգելու մասին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պատմել էր Համլետ Ղուշչյանը, պնդելով, որ Ալեքսանյանը նաև իր ճակատին ատրճանակ է պահել: Ղուշչյանի հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ առևանգում և առևանգման կազմակերպում հոդվածներով։ Գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Գործի շրջանակում երեքշաբթի երեկոյան Սամվել Ալեքսանյանը կոմիտեում հարցաքննվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել