Ինչպես գիտեք, վատ տեսնող կամ կույր մարդիկ ավելի լավ են լսում, քան տեսողության հետ խնդիրներ չունեցող մարդիկ։ Օքսֆորդի համալսարանի գիտնականները փորձել են պարզել, թե ինչով է պայմանավորված այս ամենը։

Փորձարկվողների ուղեղում տեղի ունեցող գործընթացը տեսանելի դարձնելու համար հետազոտողները օգտագործել են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի մեթոդը։

Այս մեթոդը թույլ է տալիս տեսնել, թե ինչպես է ուղեղի տարբեր հատվածներում հոսում արյունը։ Արյան ծավալն էլ իր հերթին վկայում է, որ ուղեղի տվյալ հատվածը ավելի լավ է աշխատում, քան մյուսը։ Հետազոտվողներին բաժանել են երկու խմբի՝ տեսողություն ունեցողների և կույրերի։

9 կույրերից 4-ը իրենց տեսողությունը կորցրել էին վաղ հասակում, իսկ մնացածն ունեցել են աչքի արատ։ Լսողությունը գնահատելու համար հետազոտողները տարբեր բարձրության և ալիքների ձայներ են միացրել։

Միաժամանակ իրական ժամանակում ուսումնասիրվել է նաև հետազոտվողների ուղեղը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ կույրերի ուղեղի լսողության համար պատասխանատու հատվածն ավելի ուժեղ է արձագանքում ձայներին։ Այլ կերպ ասած՝ կույրերն ավելի լավ են տարբերակում իրար նման ձայները։

Գլխուղեղի լսողական կենտրոնը բաժանված է հատվածների, որոնք պատասխանատու են ձայնային տարբեր հաճախականությունները մշակելու համար, սակայն կույրերի մոտ այս բաժանումը ավելի ուժեղ է արտահայտված։ Գիտնականները նշում են, որ այս հետազոտությունը կարող է մեկնարկային կետ հանդիսանալ հետագա ուսումնասիրությունների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել