Բրազիլիայում Ֆրեդի Կրյուգեր անունով ամազոն տեսակի թութակը կարողացել է փախչել իրեն առևանգողներից և վերադառնալ գազանանոց։ Նշվում է, որ այս թռչունն առաջին անգամ չէ, որ հայտնվում է կյանքի համար վտանգավոր իրավիճակում։

Չորս տարի առաջ Ֆրեդի Կրյուգերը հայտնվել էր կրակահերթի մեջ։ Իր թմրավաճառ տիրոջ տուն էին ներխուժել զինված ոստիկաններ։ Գնդակը դիպել էր թութակի կտուցի վերին հատվածին։ Թռչունը կուրացել էր, իսկ աչքերի միջնամասում գտնվող փետուրներն այրվել էին, որի համար էլ նա ստացել է իր անունը։ Թմրավաճառին ձերբակալել էին, իսկ թութակին ուղարկել Պարանա նահանգի Կասկավել քաղաքի գազանանոց։

Ապրիլի սկզբին ամազոնին խայթել էր օձը։ Օձը թունավոր չէր, սակայն Ֆրեդին մեծ քանակությամբ արյուն էր կորցրել։ Մի քանի օր անց զինված հարձակման ժամանակ թութակին առևանգել էին։

Երկու օր անց թռչունն ինքնուրույն վերադարձել է տուն։ Գազանանոցի աշխատակիցներն այդքան էլ զարմացած չեն, քանի որ գիտեն նրա պատմությունը։

Աշխատակիցները չեն կարողանում հասկանալ՝ Ֆրեդի Կրյուգե՞րն է փախել առևանգողների մոտից, թե՞ նրան ազատ են արձակել իր բարդ բնավորության և վնասված կտուցի պատճառով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել