Shamshyan.com-ը գրում է.

Լոռու մարզում գտնվող «Վանաձոր» առողջարանի տարածքում օրեր առաջ շուրջ 10 հաստաբուն ծառ է հատվել: Շուրջ 20 ծառեր էլ խորը էտ են արվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հատված ծառերի կոճղերը առողջարանի պուրակում օգտագործվում են որպես նստարաններ ու աթոռներ: Առողջարանի տարածքի պուրակից սակայն օգտվում են ոչ միայն հանգստացողները, այլեւ վանաձորցիները, ովքեր սակայն զայրացել են՝ տեսնելով հատված ծառերը:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում առողջարանի տնօրեն Սարգիս Ամիրյանն ասել է, որ հատված ծառերը իրենցից ընկնելու վտանգ են ներկայացրել, ինչպես նաեւ հիվանդ ծառեր են եղել: Տնօրենի խոսքով՝ իրենք հատված ծառերի փոխարեն նոր տնկիներ են տնկել. «Սանիտարական հատում եւ էտ ենք արել: Հիվանդ ծառեր են եղել, որոնք կարող էին վարակել նաեւ մյուս ծառերին: Մեր առողջարանում հանգստանում են նաեւ ալերգիկ հիվանդություն ունեցող մարդիկ, որոնց համար հիվանդ ծառերը վտանգ են ներկայացրել»,-ասել է տնօրենն ու հավելել, որ մոտ 500 ծառ է նախատեսվում տնկել, որոնց մի մասը արդեն իսկ տնկել են:

Տնօրենը վստահեցրել է, որ իրենք ծառերը հատելուց եւ էտելուց առաջ խորհրդակցել են դենդրոլոգի հետ, ստացել նրա մասնագիտական եզրակացությունն ու նոր հատումներ ու էտ իրականացրել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել