Օսկար Կլոդ Մոնեն գեղանկարիչ է, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Նա այս ուղղության ռահվիրանն է, որը ձևակերպեց դրա սկզբունքները և մշակեց գեղանկարչական տեխնիկան։ Նկարչի անվան հետ են կապված իմպրեսիոնիզմի բազմաթիվ նվաճումներ։ 1858-1859 թթ. Մոնեն սովորել է Հավրում՝ Բուդենի մոտ, իսկ հետո ևս երկու տարի Փարիզի Սյուիս ակադեմիայում։

Նրա վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ և դիմանկարներ են՝ «Նախաճաշ բնության գրկում», «Կամիլլա», «Կինը այգում» և այլն։ Նկարների մեծ մասն արված է բնության գրկում, նկարիչը հատուկ ուշադրություն է դարձնում լույսի և oդի փոփոխությանը, բնության գունային հարստությանը։

Մոնեի լավագույն ստեղծագործական շրջանն են հանդիսանում 1870-ական թվականները, երբ նա մեծ ներշնչանքով կատարում է մի շարք համոզիչ, գունեղ, թարմությամբ տոգորված բնանկարներ՝ պատկերելով հարափոփոխ կյանքի հոսքից կորզված ինչ-որ ակնթարթներ։ Նկարների սյուժեները պարզ են, բայց գրավիչ (մշտապես շտապող մարդկանցով լեցուն բուլվարներ ու հրապարակներ՝ «Կապուցիների բուլվարը Փարիզում», «Բել-Իլի ժայռերը» և այլն)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել