Կանադայի Քվեբեկի համալսարանի եգիպտագետները եկել են եզրակացության, որ մինչ Թութանհամոնի գահին նստելը Եգիպտոսը կառավարել են նրա երկու քույրերը։

Հետազոտողներն ուսումնասիրել են մի շարք նշաններ, որոնք հայտնաբերվել էին 1922 թվականին՝ մինչ Թութանհամոնը կառավարած թագուհու դամբարանում։ Գաղտնազերծման արդյունքները ցույց են տվել, որ այդ թագուհին ոչ թե Նեֆերտիտին է, այլ նրա և Էխնաթոն փարավոնի դուստրերը՝ Մերիտատոնը և Նեֆերնեֆրուատոն-Տաշիրետը։ Հնարավոր է, որ նրանք երկիրը կառավարել են միասին, սակայն մեկ անվան տակ։

Մասնագետները նշում են, որ 17 տարի իշխած Էխնաթոնի մահից հետո քույրերը զավթել են իշխանությունը։ Այդ ժամանակ Թութանհամոնը եղել է 4-5 տարեկան և շատ փոքր է եղել՝ երկիրը կառավարելու համար։

Էխնաթոնի Նեֆերտիտիի ամուսնությունից ծնվել են 6 դուստրեր՝ Մերիտատոնը, Մակետատոնը, Անհեսենպաատոնը, Նեֆերնեֆրուատոն-Տաշիրետը, Նեֆերնեֆերուրան և Սետեպեներան։ Որոշ եգիպտագետներ նշում են, որ փարավոնը կարող էր ինտիմ կապեր ունեցած լինել իր դուստրերից մի քանիսի հետ տղա ժառանգ ունենալու համար, սակայն այս տեսակետն այլ գիտնականների կողմից շատ վիճելի է համարվում։

Թութանհամոն փարավոնն իշխել է մեր թվարկությունից առաջ 1332-1323 թվականներին։ Նա գահին է բարձրացել 10 տարեկանում և մահացել է 19 տարեկանում։ Թութանհամոնի դամբարանը հայտնաբերվել է 1922 թվականին։ Այնտեղ հայտնաբերվել էր փարավոնի մումիֆիկացված մարմնով սարկոֆագ, ինչպես նաև բազում զարդեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել