Նյու Յորքում ուսանողը 1 միլիարդ դոլարի չափով հայց է ներկայացրել ամերիկյան Apple կորպորացիայի դեմ ընկերության խանութներում գործող դեմքերի ճանաչման համակարգի սխալի պատճառով, որը նրան նույնացրել է փնտրվող հանցագործի հետ, հաղորդում է Bloomberg-ը:

18-ամյա Ուսման Բախը պնդում է, որ անցած տարվա նոյեմբերին Նյու Յորքում ձերբակալվել է իր տանը՝ Apple-ի ֆիրմային խանութներից մի շարք հափշտակությունների մեղադրանքով: Նրա ձերբակալման օրդերի մեջ եղել է կասկածյալի լուսանկարը, որը, ըստ Բախի, իրեն նման չի եղել:

Ուսանողը նաև նշել է, որ գողություններից մեկը, որի մեջ նրան մեղադրել են, կատարվել է Բոստոնում հունիսին այն օրը, երբ նա Նյու Յորքի դպրոցում մասնակցել է իր ավարտական երեկույթին, այսինքն՝ ենթադրյալ հանցանքի վայրից 350 կմ հեռավորության վրա:

Բախը հավելել է, որ ավելի վաղ նա կորցրել է իր ուսանողական վարորդական իրավունքը: Դրանում լուսանկար չի եղել, սակայն, ըստ հայցվորի, այն կարող էր իսկական հանցագործի կողմից որպես ինքնության քարտ օգտագործվել Apple-ի խանութներում: Արդյունքում ընկերության կողմից օգտագործվող դեմքերի ճանաչման համակարգը, որն օգտագործվում է գողությունների մեջ կասկածյալներին հետևելու համար, կարող էր սխալմամբ Բախի անունը կապել հանցագործի դեմքի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել