Politik.am-ը գրում է.

Ապրիլի 27-ին Հայաստանում առաջին անգամ  նշեց Քաղաքացու օրը։ Օրերս «Պանորամա․ամ» լրատվականը հրապարակեց մարզերում տոնը կազմակերպող ընկերությունների ցանկը, որը լրատվականը ստացել էր կառավարությունից։ Ընկերություններին կառավարությունը չի ընտրել մրցութային կարգով։

Կառավարությունից «Պանորամա․ամ» լրատվականին մեկ անձից գնումներ կատարելը պատճառաբանել էին ժամանակի սղությամբ․«Հաշվի առնելով այն, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չի եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց, որոշվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացնել մեկ անձից գնման ձևով: Ըստ ոլորտում նմանատիպ զանգվածային միջոցառումներ կազմակերպող ընկերությունների ներկայացրած առաջարկների՝ ընտրվել են կից նախահաշվով ներկայացված կազմակերպությունները»,-ասել էին գործադիր մարմնից։

Politik.am-ը փորձեց պարզել, թե կառավարության հետ մի քանի միլիոն դրամի պայմանագրեր կնքող ընկերությունները որքանով են հայտնի և նախկինում ինչպիսի ծառայություններ են մատուցել։

Պարզվեց, որ Սյունիքի և Վայոց ձորի միջոցառումների կազմակերպման համար ավելի քան 17 մլն դրամ ստացած «EX production/ Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն, ավելի քան 8 մլն դրամով Կոտայքի մարզի միջոցառումները կազմակերպած «Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն, ավելի քան 8 մլն դրամով Գեղարքունիքի մարզի տոնական միջոցառումները կազմակերպած «Արտյոմ Զաքարյան» ԱՁ-ն գոյություն չունեցող ընկերություններ են։ Նրանց մասին տեղեկությունները Պետական ռեգիստրի պաշտոնական կայքում բացակայում են։ Համացանցի բաց աղբյուրներից կարողացանք ճշտել, որ «Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն գործել է մինչև 2018 թվականը։ Ընկերությունը 2019 թվականին հարկեր չի մուծել և պետռեգիստրում ընկերության մասին տեղեկությունների բացակայությունը թույլ է տալիս ենթադրել, որ այն լուծարվել է։

Լոռու մարզում ավելի քան 8 մլն դրամով տոնական միջոցառումներ կազմակերպած «Մալինա» ՍՊԸ-ն գրանցված է պետական ռեգիստրում, բայց ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի՝ ընկերությունը որևէ անգամ  գրանցած աշխատկցի համար պարտադիր 1000 դրամ վճար չի իրականացրել։ Սա նշանակում է, որ ընկերությունը անգամ մեկ գրանցված աշխատակից չունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել