Վլադիվոստոկում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոնկրետ պայմանավորվածություններ չեն ունեցել: Այս մասին հաղորդում է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է Reuters-ը:

«Ոչ, կոնկրետ պայմանավորվածություններ չեն եղել՝ բացի մի շարք հարցերից, որոնք վերաբերում են երկկողմ օրակարգին»,- ասել է Ուշակովը:

Նա նշել է, որ երկու երկրների ղեկավարների զրույցը «շատ օգտակար էր». կողմերը քննարկել են Կորեական թերակղզում տիրող իրավիճակը և դրա զարգացման հեռանկարները:

Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի առաջին պաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 25-ին Վլադիվոստոկում: Առաջնորդները երկու ժամ շփվել են մամուլից փակ ռեժիմում: Պուտինը հանդիպումը «բավականին հանգամանալի» է անվանել, իսկ Կիմը՝ «բովանդակային»:

Բանակցություններից հետո Հյուսիսային Կորեայի ղեկավարը իր ռուս գործընկերոջը հրավիրել է ԿԺԴՀ: Պուտինը պատրաստակամորեն ընդունել է հրավերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել