«Ըստ Սահմանադրության` մեկ ամսից ՀՀ նախագահը պետք է կրկին ՍԴ դատավորի թեկնածություն ներկայացնի ԱԺ-ին: Ժամկետն ավարտվում է մայիսի 3-ին, մինչ այդ պետք է հավակնորդները դիմեն նախագահական։ Հետաքրքրվեցինք` դիմումներ արդեն կա՞ն, ասացին` դեռ ոչ: ԱԺ մեծամասնության ներկայացուցիչ իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանին հարցրինք՝ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժեցիք, որովհետև այդ պաշտոնում ամեն գնով ցանկանում եք տեսնել Վահե Գրիգորյանի՞ն։ «Իրավասությունը բացառապես երկրի նախագահինն է»:

Եթե Վահե Գրիգորյանի թեկնածությունն այս անգամ նախագահը ներկայացնի (հիշենք` Վահե Գրիգորյանը ՀՀԿ-ական մեծամասնությամբ ԱԺ-ում մեկ անգամ չի ընտրվել, նա երկրորդ անգամ էր դիմել նախագահին, սակայն Արմեն Սարգսյանը նախընտրել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը), անձամբ Դուք կընտրե՞ք նրան: «Կմտնեմ քվեախցիկ և իմ խղճով ու մտովի ընտրություն կկատարեմ»: Ֆրակցիայի որոշումը կարևոր չէ՞։ «Ես չեմ կարծում, որ էդ հարցում ֆրակցիան պետք է որոշում կայացնի»: Էդ ո՞նց է, որ Գոռ Հովհաննիսյանի հարցում որոշում կայացրեց, իսկ Վահեի հարցում չի կայացնի։ «Իսկ ո՞վ է ասում, որ Գոռ Հովհաննիսյանի հարցում որոշում է կայացվել»:

Նախորդ կիրակի` ընտրությունից առաջ, դուք հավաքվել եք «Իմ քայլի» գրասենյակում, քննարկվել է նաև այդ հարցը, ձեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է` լավ մասնագետ է, իր ընկերն է։ Ֆրակցիան ասել է` է հետո՞ ինչ, որ քո ընկերն է։ Տեղեկություն կա անգամ, որ հնչած կարծիքների արդյունքում վերջինս նեղացել-դուրս է եկել։ «Անկեղծ ասած` էդ օրը ես գտնվել եմ Լեռնային Ղարաբաղում, տեղյակ չեմ, թե ինչ է եղել»: Բա ինչի՞ եք պնդում, որ ֆրակցիան չի քննարկել։ «Ես իմ կարծիքն եմ հայտնում»»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել