Tert.am-ը գրում է.

Ապրիլի 27-ին՝ «Քաղաքացու օրը» կլինեն հանրային քննարկումներ՝ «Իրազեկ քաղաքացի» խորագրով, բայց նաև օրը հագեցած է լինելու թե՛ սպորտային, թե՛ մշակութային միջոցառումներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը: «Սրանք ավելի շատ մշակութային մասն ապահովելու համար են, պարտադիր չէ, որ ամեն ինչ քաղաքական, քաղաքացիական թեմաներով լինեն»,- նշեց փոխնախարարը: Տիգրան Գալստյանի խոսքով՝ 10 թատրոններ և 4 երաժշտական ՊՈԱԿ-ներ տարբեր մարզերում միջոցառումների կմասնակցեն:

- «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով հատկացվել է 124 միլիոն դրամ: Ի՞նչ միջոցառումներ են անցկացվելու այդ օրը:

- Առաջին անգամ համահայկական միջոցառումները կենտրոնացված են ոչ թե Երևանում, այլ ամբողջ Հանրապետության տարածքում են: Մեր ենթակայության տակ գտնվող 9 թատրոնները և 1 մեկ համայնքային թատրոն՝ Երևանի պատանի հանդիսատես ՊՈԱԿ-ը,  պետք է տարբեր մարզերում մասնակցեն միջոցառումների: Նաև ունենք 4 երաժշտական ՊՈԱԿ-ներ, որոնք նույնպես տարբեր մարզերում ծրագրեր ունեն: Օրինակ՝ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը պետք է մեկնի Իջևան:

- Ի՞նչ թեմատիկայով ներկայացումներ են լինելու «Քաղաքացու օրը»:

- Օրինակ՝ Վանաձորի թատրոնը պետք է Հովհաննես Թումանյանի «Լինում է, չի լինումը» բեմադրի, Երևանի խամաճիկների պետական թատրոնը պետք է Հրազդան քաղաքում բեմադրի «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» ներկայացումը, Գյումրու պետական դրամատիկական թատրոնը Վանաձորում պետք է ներկայացնի «Սիրո Քասթինգ» ներկայացումը:

- Ի՞նչ կապ ունեն այս ներկայացումներն օրվա խորհրդի հետ:

- Սրանք ավելի շատ մշակութային մասն ապահովելու համար են, պարտադիր չէ, որ ամեն ինչ քաղաքական, քաղաքացիական թեմաներով լինեն: Մենք այդ օրվա միջոցառումների մեջ ունենք հանրային քննարկումներ՝ «Իրազեկ քաղաքացի» խորագրով, նաև պետք է հարստացված լինի թե՛ սպորտային, թե՛ մշակութային միջոցառումներով: Սա ընդունված է: Քաղաքացու օրը, իմ կարծիքով, կարելի է համեմատել Հարավաֆրիկյան Հանրապետությունում մարտի 21-ին նշվող է մարդու իրավունքների օրվա կամ ՄԱԿ-ում դեկտեմբերի 10-ին նշվող մարդու իրավունքների օրվա հետ: 1990 թ.-ին մարդու իրավունքների դեկլարացիան ստորագրվեց և այդ օրը հռչակվեց մարդու իրավունքների օր, մեզ մոտ էլ կապված անցյալ տարվա քաղաքացու հաղթանակի հետ, այս օրն է նշվում: Ամենաառաջինը քաղաքացիների ընտրելու իրավունքը վերականգվեց, որը երկար տարիներ ոտնահարված էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել