Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 25-ին, SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստացել Արարատի մարզի Նարեկ գյուղից և բնակիչները իրենց զայրույթն ու վրդովմունքն էին հայտնում, որ իրենց գյուղապետը մի իսկական վանդալիզմ է իրականացրել բնության նկատմամբ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Նարեկ գյուղի բնակչուհի, 58-ամյա Վարսենիկ Վարդանյանը արցունքն աչքերին խեղդվելով, ասում էր. «23 տարի է ՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող այս տարածքը անքուն գիշերներ անցկացնելով՝ խնամել եմ: Տարածքը ամբողջովին ամայի էր և մշակել եմ, մրգատու ծառեր եմ տնկել, այդ թվում՝ խնձորենի, ծիրանենի, դեղձենի, սալորենի, ընկուզենի, տանձենի ու 2-3 օրերի ընացքում գյուղապետը ինչ-որ մարդկանց է կանչում և ողջ ծառերը բնից կտրել է տալիս էլեկտրական հատուկ սղոցներով: Մարդ ինչ աստիճանի ստոր լինի, ինչ աստիճանի ատի բնությունը ու ինչ աստիճանի նախանձ լինի գյուղացու նկատմամբ, որ ծառերի սպանդ իրականացնի:

Գյուղապետ Գարուշ Հակոբյանը էնպիսի հրճվանքով է էս ծառերը կտրել տվել, որ այլ խոսքեր չես կարողանում գտնել: Թուրքը, որ թուրք էր, հայերին կոտորելուց բնությանը ձեռք չէր տալիս, որովհետև գիտեր, էդ բնությունը իրենց կյանք է տալու, իրենք էդ բնության հաշվին են ապրելու, բայց էս մեր գյուղապետը թուրքին էլ տվեց անցավ:

Չգիտենք՝ ում դիմենք, մեր հույսը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն է: Ճիշտ է՝ գոհ ենք, մեր ռեգիոնի ոստիկանապետը, երբ իմացել է էս զարհուրելի հանցագործության մասին, արդեն ոստիկաններ է ուղարկել գյուղ, ովքեր սկսել են զբաղվել այս հանցագործության բացահայտմամբ: Խնդրում ենք պարոն Փաշինյանին, պարոն Օսիպյանին, որ մեր միջից հանեն մեր միջի տականքին, իսկ տականքը գյուղապետն է, ով 15 տարուց ավելի է՝ տզրուկի նման ծծում է մեր արյունը»:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում էլ մի քանի գյուղացիներ, ովքեր տեսախցիկի առջև հրաժարվեցին խոսել, ասում էին. «Հիմա չենք ուզում կամեռայի առաջ խոսենք, որ պետք լինի ոչ միայն կխոսենք, այլ նաև մեր կողմից ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի նման փողոց կփակենք: Գյուղապետը լոլո է կարդում, թե մարզադաշտ եմ կառուցում: Տո այ խելոք, որտեղ ես տեսել բնության հաշվին, բարձր լարման հոսանքալարերի պայմաններում մարզադաշտ կառուցեն: Էս երևի ուզում է էրեխեքը, որ ֆուտբոլ խաղան՝ հոսանքահարվեն: Էս պահին հրաժարվում ենք կտրուկ միջոցների դիմելուց, քանի որ վստահ ենք, որ վարչապետն ու ոստիկանության պետը բնության նկատմամբ վանդալիզմ իրականացրած գյուղապետին պատասխանատվության կենթարկեն:

Ցավում ենք նաև, որ մեր վայ գյուղապետը էս 250-300 առողջ ծառերի սպանդը իրականացրել է մարզպետի թույտվությամբ: Համենայն դեպս գյուղապետը ասել է, որ մարզպետը տեղյակ է: Դե, եթե մարզպետը տեղյակ է, որ գյուղում առողջ ծառերի սպանդ են իրականացնում, ուրեմն էդ մարզպետը լրիվ կոկորդիլոսի ուղեղ ունի»:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանի հանձնարարականով հետաքննություն է սկսվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել