Այսօր՝ կառավարության նիստի ընթացքում, Նիկոլ Փաշինյանն ասում է. «Պետք է խոստովանել, որ բավականին տարօրինակ իրավիճակ է, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ, այսինքն՝ դեսպանատներ, որտեղ նույնիսկ գույքը պատկանում է մի կոնկրետ մարդու, նրանք հանդես են գալիս պետության անունից, բայց պետական ֆինանսավորում չկա, սա տարօրինակ իրավիճակ է՝ անկախ նրանից, թե ով է դեսպանը»:

Ճի՞շտ եմ հասկանում, որ մարդիկ սեփական միջոցներով երկրի դիվանագիտական ներկայացուցչություն են պահել, պետության համար խնդիրներ են լուծել, բայց հիմա շնորհակալություն հայտնելու փոխարեն էժան մանիպուլյացիաներ են արվում՝ անձնական գույքից մինչև աշխատակազմի աշխատավարձի արծարծում:

Կոնկրետ հարցեր են առաջանում. 
1. Մարդիկ պետությանը ծառայություն են մատուցել, ինչո՞ւ է պարգևատրելու փոխարեն էժան խոսակցություն տրվում:
2. Պետական բյուջեի, իմա՝ հարկատուի ուսերին 347.5 միլիոն դրամ հավելյալ ծախս է ավելանում: Արդյո՞ք դա ուղիղ հետևանքը չէ նրա, որ իշխանությունը պետությանը ծառայություններ մատուցելու, պետական բյուջեի հոգսերը թեթևացնելու հնարավորություն ունեցող մարդկանց հետ հարաբերվելու կարողություններ չունի:

Հարց է, չէ՞, առաջանում. ինչո՞ւ են միտինգային հյուրախաղերով Հայաստանում սեթևեթող որոշ գաստրոլյորներ արժևորվում, իսկ պետական բյուջեի հոգսը թեթևացնողները՝ հակառակը: Գոնե հասկանո՞ւմ են, որ սա հնարավորինս վատ ազդակ է, գոնե հասկանո՞ւմ են, որ սրանով մեր կյանքում էժան ներկայացումները գերակշռելու են գործին, այն գործին, որի կարիքը հիմա Հայաստանն ունի առավել, քան երբևէ:

Ամեն ինչ շատ լավ հասկացող, բայց գլուխը կախ լուռ նստած «կադրային դիվանագետի» համար եմ ամենաշատը ցավում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել