ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ապրիլի 25-ին հայտարարել է, որ մտադիր է 2020 թվականի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի պաշտոնի համար: Այդ մասին հայտնել է The Hill-ը:

«Մենք պայքարում ենք մեր ժողովրդի հոգու համար: Եթե մենք Դոնալդ Թրամփին ութ տարի տանք Սպիտակ տանը, նա հիմնավորապես և ընդմիշտ կփոխի մեր ժողովրդի բնույթը: Ես չեմ կարող մի կողմ մնալ և նայել, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է նա՝ հայտարարելով նախընտրական մրցավազքին իր մասնակցության մասին:

Սպասվում է, որ արդեն ապրիլի 25-ի երեկոյան Բայդենը կանցկացնի նախագահական ընտրարշավի համար միջոցների հանգանակման առաջին միջոցառումը: Այն տեղի կունենա Ֆիլադելֆիա քաղաքում: 76-ամյա Բայդենը Դեմոկրատական կուսակցության անդամ է և մտադիր է օգտագործել 2009-2017 թվականներին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում աշխատելու շրջանում ձեռք բերած իր փորձը:

Սա կլինի Սպիտակ տունը զբաղեցնելու Բայդենի երրորդ փորձը. 1988 թվականի և 2008 թվականի ընտրարշավները նրան հաջողություն չբերեցին: 2016 թվականին նա որդու մահվան պատճառով հրաժարվեց նախընտրական մրցավազքին մասնակցելուց: Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ 2020 թվականին իր հիմնական մրցակիցներ է համարում Բայդենին և սենատոր Բեռնի Սանդերսին: Հարցումները ցույց են տալիս, որ այս գնահատականը մոտ է իրականությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել