«ՀՀ Կենտրոնական բանկը ցանկացած թղթադրամի տպագրության վերաբերյալ, մասնավորապես՝ 3-րդ սերնդի թղթադրամների վերաբերյալ ունի հստակ նկարագրություն, որը դեռևս մինչև թղթադրամների տպագրումն ու շրջանառության մեջ դնելը տեղադրված է եղել ԿԲ կայքում»,- անդրադառնալով հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գրառմանը՝ Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը:

Նա նշեց, որ նկարագրությունը տեղեկություններ է ներկայացնում թղթադրամների չափսերի, գույների, դիմերեսի և դարձերեսի պատկերների վերաբերյալ։ 

«Մասնավորապես 5000 դրամի համար ներկայացված նկարագրության մեջ նշված է, որ դիմերեսին Վիլյամ Սարոյանի դիմանկարն է, որի ֆոնին հատվածներ են իր «Նռնենիները» պատմվածքից, ինչպես նաև կան գրքերի նկարազարդումներ և հայկական նռնենիների պատկերներ: Դարձերեսին Վիլյամ Սարոյանի՝ Երևանում տեղադրված արձանն է, իսկ դրա ֆոնին նրա նախնիների ծննդավայր Բաղեշ քաղաքի՝ 20-րդ դարասկզբի համայնապատկերն է, որը վերցված է հենց այդ ժամանակաշրջանում՝ 20-րդ դարասկզբին արված լուսանկարից: Նկարագրության  մեջ ոչ մի տեղ նշված չէ, որ արձանի ֆոնին ներկայացված է եկեղեցի: Այսինքն՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի դիտարկումը, թե պատկերվածը ներկայացվում է որպես եկեղեցի, արդեն մոլորեցնող է»,- ասաց Բերբերյանը: 

Հարություն Բերբերյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ քննարկման ելակետն ի սկզբանե սխալ է ընտրված հուշարձանագետի կողմից, քանի որ երբևէ չի նշվել, որ 5000 դրամ նոր թղթադրամի վրա պատկերվածը հայկական եկեղեցի է:

Հիշեցնենք, որ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ 5000 դրամանոց նոր թղթադրամի դարձերեսին պատկերվածը ոչ թե հայկական եկեղեցի է, այլ մահմեդական դամբարան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել