168.am-ը գրում է.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ մատնացույց արեց «Արարատցեմենտ» գործարանի վաճառքի մասին կառավարության 1465 Ա որոշումը, ըստ որի՝ բաժնետոմսերի գինը սահմանված է 200 հազար դոլար, նշվում է պարտքերի մասին, բայց դեռ հարց է՝ այդ ժամանակ վճարում կատարվե՞լ է, թե՞ ոչ:

«Երկրորդը՝ գործարանը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որի հետ իր կապը Գագիկ Ծառուկյանը չի հաստատում»,- ասաց Հ.Գևորգյանը:

Նա նաև նշեց, որ ջրի, էլեկտրաէներգիայի պարտքերը ներվել են գործարանին, ինչպես է «ՀայՌուսգազարդի» նկատմամբ գործարանի պարտքը 1 մլն-ից դարձել 7 մլն, այդ ընթացքում ուր է գնացել գործարանում առկա 1.5 մլն դոլարի ցեմենտը, և այլն:

Գևորգյանը նշեց, որ «Ռոբերտո» ընկերությունը գրանցված է եղել Բելգիայում, այն օֆշորային ընկերություն է, և դրա իրական սեփականատերերի բացահայտումն ամեն ինչ կպարզաբանի:

Հարցին՝ Ծառուկյանը նվե՞ր է տալու գործարանը ձեզ, Գևորգյանը պատասխանեց. «Թող ինքը որոշի, ես սպասում եմ առաջարկների»:

«Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ հարցը շահարկումների դաշտից պետք է բովանդակային դաշտ բերել, և մասնավոր ու հրապարակային զրույցներում ասվում է, թե կլինկերի վրայից պետք է պետական տուրքը հանել, սակայն կլինկերի վրա այժմ պետտուրք չի գործում, կառավարությունն առաջարկում է տուրք սահմանել թե՛ ցեմենտի, թե՛ կլինկերի վրա, իսկ իրենք գտնում են, որ ցեմենտի հումքի վրա պետտուրքի կիրառումը ոչ նպատակահարմար է:

«Եթե կբերվեն պատշաճ հիմնավորումներ, որտեղ հաշվի առնված կլինեն բոլոր արտադրողների շահերը, այդ ժամանակ կմտածենք, որոշում կկայացնենք՝ տուրք լինելո՞ւ է, թե՞ ոչ, և եթե անգամ լինելու է, ապա որքա՞ն է լինելու: Դրա համար մեզ պետք է իմանալ, թե ցեմենտի ինքնարժեքն իրականում ինչքան է»:

Ըստ նրա՝ այսօր հայտարարվող ինքնարժեքը բավականին ուռճացված է: Թունյանը նշեց, որ այսօր աշխատանքային խումբ կստեղծվի, որում ներգրավված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը, քննարկումներին կմասնակցեն տնտեսվարողներ, աուդիտորներ, տնտեսագետներ և այլք:

Բ.Թունյանը նկատեց, որ «Արարատցեմենտն» արդեն օգտվել է կառավարության բարեհաճությունից, և ԱԺ-ում օրենքի տեսքով 2016-ին նրան զիջվել է 500 մլն դրամի հարկեր և տույժեր. «Այսինքն՝ մի անգամ իրենց լավություն արվել է: Չենք կարող ամեն անգամ մի ընկերության լավություն անել ու մյուսների շահերն անտեսել: Ոչ էլ ուզում ենք որևէ մեկին վատություն անել: Մենք առաջնորդվում ենք ՀՀ շահերով: Ինչքան ուզում են անուղղակի ճնշումներ գործադրել, այլ լեզվով խոսել, այդ ամենն անպտուղ է լինելու»:

Հ.Գևորգյանը նկատեց, որ, եթե իրենք թաքցնելու բան չունեն, թող բացեն գործարանը, բերեն անկախ աուդիտոր և ստուգումներ իրականացնեն:

Բ.Թունյանը նշեց, որ բոլոր գործարաններից, այդ թվում՝ «Արարատցեմենտի» կառավարիչ Սեդրակ Առուստամյանը, համաձայնություն են տվել բաց ու թափանցիկ աշխատելու ԱԺ-ի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել