Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, օրակարգում 33 հարց է, որից 19-ը չզեկուցվող են: 

Կառավարությունը կքննարկի Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու որոշման նախագիծը, որի ընդունման արդյունքում ակնկալվում է թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:

Միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:

Կառավարության չզեկուցվող հարցերի շրջանակում են նաև երկու համայնքում` Արմավիրի մարզի Ապագա և Վարդանաշեն համայնքներում հունիսի 9-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման նախագծերը:

Կքննարկվեն նաև Կոտայքի մարզի Գառնու համայնքի, Արագածոտնի մարզի Կաքավաձորի համայնքի, Կոտայքի մարզի Մայակովսկու համայնքի, Արարատի մարզի Նոր Կյուրինի համայնքի վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների հատկացում տրամադրելու մասին որոշման նախագծերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել