Factor.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ  Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան ստանալու համար հիմքեր ունի։  Այս մասին ռուսական Ռունա պարբերականին հայտնել է Պողոսյանի փաստաբան, Կարելիի Փաստաբանների պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին:  

«Դիմումն արդեն պաշտոնապես ներկայացվել է, պատշաճ կերպով ձևակերպվել: Քաղաքացիական ապաստանի տրամադրման մասին որոշումն ընդունում է ՌԴ Նախագահին առընթեր հանձնաժողովը: Իմ կարծիքով՝ դրա համար հիմքեր կան: Իր հայրենիքում Միհրան Պողոսյանին քաղաքական դրդապատճառներով հետապնդում են»,- նշել է Միխայիլ Յամչիտսկին։

Ավելի վաղ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նախկին բարձրաստիճան պաշտոնյայի արտահանձնման համար ռուսական կողմին փաստաթղթերի փաթեթ էր հանձնել: Ապրիլի 13-ին Միհրան Պողոսյանին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք էր առաջադրվել՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, ինչն առաջացրել էր ծանր հետևանքներ:

Ավելի ուշ՝ Պողոսյանի նկատմամբ ազգային և միջազգային հետախուզում էր  հայտարարվել, իսկ ապրիլի 19-ին Պետրոզավոդսկում նրան ձերբակալել էին։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել