Yerkir.am-ը գրում է.

1885 թ., Սիլիվրի

Բժիշկ, գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռուբեն  Չիլինկարյանը 1915 թ. օգոստոսի 13 (25/26)-ին, դեպի Այաշ աքսորի ճանապարհին՝ Չանղըրը և Կալեջիկ (Գալայճըք) գյուղերի միջև, Չանղըրըից կառքով 6 ժամ հեռու գտնվող Թյունե (Թյունայ, Թյունեյ) կոչված վայրում, իր 4 բախտակից ընկերոջ հետ (այդ թվում՝ Դանիել Վարուժանն ու Սիամանթոն), թուրք չեթեների կողմից սպանվել է քարերով ու յաթաղաններով խոշտանգումների ենթարկվելով՝ 30 տարեկանում: Ըստ Գոնիայի պատերազմական ատյանում կառապան Հասանի տված վկայության՝ բժիշկը եղել է վերջին սպանվողը:

 Ծնվել է 1885 թ. փետրվարի 15-ին, Կոստանդնուպոլսին մոտակա, Մարմարա ծովի եվրոպական ափին գտնվող Սիլիվրի ավանում:

 Նախնական կրթությունն ստացել է Սիլիվրիի Ասքանազյան նախակրթարանում:

 1889-1901 թթ. սովորել է ամերիկացի միսիոներների Բրուսայի նահանգի Նիկոմիդիայի գավառակի Պարտիզակ ավանի Բյութանիայի բարձրագույն վարժարանում:

 1901-05 թթ. սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում:

 Դպրոցական տարիներից զբաղվել է գրական գործունեությամբ:

 1905-11/12 թ. սովորել է Եվրոպայի բժշկական խոշորագույն կենտրոններից մեկում՝ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետում:

 1910 թ.  Լոզանում ամուսնացել է Յաննիի հետ:

 1911-14 թթ. Լոզանի մի հիվանդանոցում և մի դարմանատանը օգնական բժիշկ է աշխատել ու մասնագիտական հմտություններ ձեռք բերել:

 Ուսանողության շրջանից սկսած հետաքրքրվել է հայրենիքի ազատության պայքարի գաղափարով: Եղել է ՀՅԴ անդամ:

 1908-14 թթ. եղել են նրա ստեղծագործական բեղուն տարիները: Կրել է Ոուբեն Սևակ գրական ծածկանունը:

 1914 թ. կնոջ հետ վերադարձել է Կ. Պոլիս և հաստատվել Բերա թաղամասում:

 1915 թ., երբ արդեն սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել Մաքրիգյուղի (Մագրիքեոյ) զորամասում:

1915 թ. ապրիլի 11 (24)-ին, լինելով զինվորական ծառայության մեջ, ձերբակալվել և բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը:

 Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա:

 Չանղըրըում բուժել է թուրք ավազակապետ (չեթեջի) Արաբաջի Իսմայիլի  աղջկան: Իսմայիլը նրան հորդորել էր իսլամություն ընդունելով փրկվել սպառնացող վտանգից, սակայն բժիշկը հրաժարվել է այդ խորհրդին հետևելուց:

 Ռուբենին ազատելու համար Գերմանիայի արտգործնախարարությանը, Կ. Պոլսի և Սոֆիայի նրա դեսպաններին, Լոզանի հյուպատոսին, Կ. Պոլսում դեսպան Հանս ֆոն Վանգենհայմին բազմաթիվ դիմումներ են ուղարկել նրա աները՝ գերմանական բանակի պահեստի սպա Ֆրանց Ապելն ու կինը՝ Հելեն Ապել-Չիլինկիրյանը: Բոլորն էլ՝ ապարդյուն:

 1915 թ. օգոստոսի 13 (25/26)-ին, դեպի Այաշ աքսորի ճանապարհին՝ Չանղըրը և Կալեջիկ (Գալայճըք) գյուղերի միջև, Չանղըրըից կառքով 6 ժամ հեռու գտնվող Թյունե (Թյունայ, Թյունեյ) կոչված վայրում, իր 4 բախտակից ընկերների հետ (այդ թվում՝ Դանիել Վարուժանն ու Սիամանթոն), թուրք չեթեների կողմից սպանվել է քարերով ու յաթաղաններով խոշտանգումների ենթարկվելով՝ 30 տարեկանում:

 Ըստ Գոնիայի պատերազմական ատյանում կառապան Հասանի տված վկայության՝ բժիշկը եղել է վերջին սպանվողը:

 Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 263–267:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել