168.am-ը գրում է.

Հայերն ու հրեաները պատմության ընթացքում կանխամտածված զանգվածային սպանության զոհ են եղել: Իսրայելի կառավարությունը պետք է արդարությունը գերադասի քաղաքական նպատակահարմարությանն ու հանցանքը կոչի իր անունով: Այս մասին Foreign Policy հանդեսում հրապարակված հոդվածում գրում է իսրայելցի լրագրող Յոսի Մելմանը:

«Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց Իսրայելի հրաժարումը ամոթալի է և անբարոյական» խորագիրը կրող հոդվածը Մելմանը սկսում է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ: Նա ընդգծում է¸որ թեպետ և՛ Իսրայելը, և՛ Հայաստանը ցեղասպանության փորձառություն ունեցող երկրներ են, այդուհանդերձ ժամանակակից աշխարհում այս երկրները անջատված են մեկը մյուսից:

«Իսրայելը հետևողականորեն հրաժարվում է ընդունել¸որ հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Այս որոշումը պայմանավորված է ոչ այնքան զոհ լինելու հանգամանքը մոնոպոլիզացնելու և Հոլոքոստը որպես առանձնահատուկ ու զուգահեռը չունեցող պատմական իրադարձություն ներկայացնելու ցանկությամբ: Սա նախ և առաջ ցինիկ քաղաքական խաղ է: Երկար տարիներ Իսրայելը վախեցել է Թուրքիայի զայրույթից, եթե ճանաչեր ցեղասպանությունը», – գրում է նա: Հեղինակը պատմում է 1950-ականներից Թուրքան կարևոր ռազմավարական դաշնակից է եղել Իսրայելի համար: Հատկապես սերտ հարաբերություններ են հաստատվել երկու երկրների հետախուզական ու անվտանգության կառույցների միջև: Պատահական չէ, որ ամեն անգամ, երբ իսրայելցի խորհրդարանականները, իրավապաշտպանները, պատմաբանները Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերով էին հանդես գալիս, այն արգելակվում էր կառավարությունում:

Սակայն վերջին տարիներին Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները այնքան էլ լավ չեն: Ավելին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նրա որդին՝ Յաիրը, պարբերաբար սոցցանցերում Էրդողանի հետ փոխանակվում են մեղադրանքներով՝ միմյանց անվանելով «մարդասպան», «բռնապետ» և այլն: «Այնուամենայնիվ, Իսրայելը շարունակում է խուսափել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Եվ այս անգամ նոր պատրվակն Ադրբեջանն է», – գրում է Յոսի Մելմանը՝ նշելով, որ Իսրայելը սկսել է զենք վաճառել այդ երկրին, որը դրանք օգտագործում է Հայաստանի դեմ: «Իսրայելի համար դա պարզապես առևտուր է, իսկ մեզ համար՝ մահ»,- հեղինակը մեջբերում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքերը Foreign Policy պարբերականին:

Ի պատասխան զենքի վաճառքի՝ Ադրբեջանն Իսրայելին է վաճառում իր նավթն ու թույլ է տալիս իր տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների նպատակով: «Այժմ Նեթանյահուն, ով վարչապետի պաշտոնում այս ամիս վերընտրվեց արդեն հինգերորդ անգամ, վախենում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է հանգեցնել ադրբեջանական շուկայի կորստին, իսկ Ալիևը, ով Էրդողանի լավ ընկերն է, կարող է վերջ տալ իր երկրի տարածքում իսրայելական հետախուզության ներկայությանը»,- նշում է հեղինակը:

«Իսրայելի վարքագիծը բարոյականության ու պատմության ծաղր է: Այն ավելի ամոթալի է, քանի որ գալիս է մի ազգից, որը վեր է հառնել ցեղասպանության մոխիրներից…

Ժամանակն է, որ Իսրայելը դադարեցնի խուսափողական խոսել Հայաստանի մասին՝ հանուն տնտեսական շահերի: Ցեղասպանությունը ցեղասպանություն է: Իսրայելի բարոյական պարտականությունն է ողջ մարդկության և Հոլոքոստի ժամանակ սպանված 6 մլն հրեաների հիշատակի առաջ՝ ճանաչել Հայոց ցեղասպանություն՝ ճիշտ այնպես, ինչպես ճանաչել է Ռուանդայի ցեղասպանությունը»,- եզրափակել է Յոսի Մելմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել