Շրի Լանկայում անցած կիրակի տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով զոհերի թիվը 359-ի է հասել, կան հարյուրավոր վիրավորներ, գրում է Ada Derana հարթակը: Ավելի վաղ հաղորդվել էր 321 զոհի մասին:

Հարթակը նաև նշում է, որ երկրի իշխանություններն անցած գիշեր իրականացված գործողության շրջանակում ահաբեկչության առնչությամբ ևս 18 մարդու են ձերբակալել: Այսպիսով՝ ձերբակալվածների թիվը գրեթե 60-ի է հասել:

Հիշեցնենք, որ Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնի տոնակատարությունների ժամանակ ութ պայթյուն է որոտացել: Դրանցից առաջին վեցը տեղի են ունեցել Կոլոմբո, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների երեք տաճարում և հյուրանոցներում: Յոթերորդ պայթյունը տեղի է ունեցել կղզու արևմտյան հատվածում, իսկ ութերորդը՝ երկրի մայրաքաղաքի արվարձաններից մեկի բնակելի համալիրում: Եվս մի ռումբ վնասազերծել են իրավապահները: Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն են եղել:

Ավելի ուշ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների շարքի իրականացման պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ խմբավորումն իր պատասխանատվության վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել